«Այն զբոսանավը, որ Հայաստան է բերվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ծառայելու համար ու հիմա կայանված է Սեւանի «Հարսնաքար» համալիրի մոտ, կարծես «առեղծվածային ճանապարհով» է հայտնվել Սեւանա լճում»,-գրում է «Հայկական ժամանակը»:
«Հարսնաքարի» ադմինիստրատորը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե այդ նավի մասին իրենց տնօրենն էլ չգիտի: Թերթի ուղիղ հարցին՝ Մեդվեդեւի համար բերված նավը, որ հիմա «Հարսնաքարի» մոտ կանգնած է, դրսի՞ց է բերվել, համալիրի ադմինիստրատորը պատասխանել է. «Երեւի թե դրսից է բերվել, բայց դա ձեզ ոչ ոք չի տրամադրի» ու նաեւ բացատրել, որ Սեւանա լճում ընդհանրապես զբոսանավի վարձակալության մեկ ժամն արժե 40 հազար դրամ:
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ջրային ոստիկանությունում եւս Սեւանա լճի զբոսանավերի մասին որեւէ տվյալ գրանցված չէ. Գեղարքունիքի մարզային վարչությունից թերթին պատասխանել են, որ Ջրային ոստիկանությունը հիմա վերակազմավորման փուլում է , իսկ ոստիկանությունը լճում ունի ընդամենը 1 նավ: «Սեւան» ազգային պարկում եւս լճում գտնվող նավերի մասին տվյալներ չկային գրանցված: «Պարկը լճում մեկ նավ ունի, մյուսների մասին տվյալներ չունենք». պատասխանել են «Սեւան» ազգային պարկից: Սեւանա լճում շրջող նավերի մասին տվյալներ կային միայն արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում: Կենտրոնի վերլուծության բաժնի պետ Հակոբ Ամիրյանը «Հայկական ժամանակին» տեղեկացրել է, որ իրենց մոտ Սեւանում շահագործվող 110 լողամիջոց կա գրանցված, որոնցից վերջինը գրանցվել է այս տարվա հունիի 15-ին. Դա, սակայն, ընդամենը մոտորանավակ է՝ նախատեսված ձկնորսության համար: Հարցին, թե կարո՞ղ է չգրանցված լողամիջոցը, նաեւ՝ զբոսանավը, հանգիստ շրջել լճով, Հակոբ Ամիրյանը պատասխանել է. «Իհարկե, կարող է: Եթե լողամիջոցը գրանցված չէ, դրա համար մեկ միլիոն դրամ տուգանք է սահմանված, բայց մենք լծակներ չունենք՝ չգրանցվածների դեմ պայքարելու համար:
Սեւանում գտնվող լողամիջոցներից մեզ մոտ գրանցված են միայն դրանց 75-80 տոկոսը, մնացած 20 տոկոսին գրանցելու համար լծակ չունենք. (ենթադրվում է, որ այդ 20 տոկոսը մեր օլիգարխներին պատկանող լողամիջոցներն են-հեղ.): Հիմա մեզ մոտ 110 միջոց կա գրանցված, բայց իրականում դուք Սեւանում 500-ից պակաս շահագործվող բան երեւի չեք գտնի»: «Մի խոսքով, ստացվում է, որ ՌԴ նախագահը ՀՀ-ում անօրինական զբոսանավով է շրջելու»,-եզրակացնում է թերթը:



























