Օգոստոսի 9-ին, Զմմառի Ս. Տիրամոր վանքում, տեղի ունեցավ Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի գահակալության արարողությունը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում էին Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Ս. Պատարագի վերջում Նաթան Սրբազանը նորընտիր Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաեւ Նորին Սրբության շնորհավորական խոսքն ընտրության առիթով:
«Առ Աստված աղոթքով եւ գոհունակությամբ համայն հայության սրբազնասուրբ կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ուրախությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ` Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Ձեր բարի եւ նվիրական ծառայությամբ Դուք մշտապես եղել եք Տիրոջ խոսքի սպասավորն ու անխոնջ հովիվը` թե իբրեւ ուսուցիչ, թե իբրեւ հովիվ եւ թե իբրեւ բարեխնամ առաջնորդ Ֆրանսիայի կաթողիկե հայոց համայնքի: Միածնաէջ Սուրբ Խորանի առաջ Մեր մաղթանքն է, որը Տերը պահի ու պահպանի Ձեզ եւ Ձեր հավատացելոց հոտը: Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում նաեւ Հայ կաթողիկե համայնքի ողջ հոգեւորականաց դասին ու հավատացելոց, ովքեր Սուրբ Հոգու շնորհով Ձեզ վստահեցին Կաթողիկե հայոց առաջնորդությունը»,- ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում:




























