Անկարային վախեցնում է տարածաշրջանում քրդերի աճող կշիռը, բայց այդ վախն անհիմն է: Ավելի լավ է հարավային սահմանին քրդեր ունենալ, քան ԻԼԻՊ-ի ծայրահեղականներ, որոնք ընդհանրապես սահմաններ չեն ճանաչում: Այս մասին սիրիացի քուրդ Սիրվան Կաժժոն գրել է իսրայելական «Jerusalem Post»-ում:

Հոդվածում նշվում է.

«Անկարան հայտարարում է, որ իր նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է: Բայց քրդերը նախագահ Էրդողանին ու նրա Արդարություն եւ Զարգացում կուսակցությանը մեղադրում են այն բանում, որ ԻԼԻՊ-ը պարզապես միջոց է Սիրիայում իրենց ինքնավարությունն ընդլայնելու հարցում քրդերին խանգարելու համար: Չէ՞ որ կոալիցիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարում է ավելի քան մեկ տարի, բայց Անկարան այդ ընթացքում ոչինչ չի արել: Քրդերը չեն հավատում Անկարայի լուրջ մտադրություններին եւ ԻԼԻՊ-ի բազաների ուղղությամբ օդային հարվածները միայն ցուցադրական քայլ են համարում:

Ամենից շատ Թուրքիային անհանգստացնում է սիրիական քրդերի եւ Վաշինգտոնի նկատելի մերձեցումը. ԻԼԻՊ-ի դեմ պայքարում սիրիական քրդերն ամենաարդյունավետ ուժերից դարձան: ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան օդից աջակցեց քրդական Ազգային պաշտպանության կոմիտեի (YPG) ուժերին, ինչի հետեւանքով ազատագրվեցին ռազմավարական նշանակություն ունեցող Քոբանին եւ Թել-Աբյադը:

Եթե Թուրքիան իսկապես քրդերի հետ խաղաղություն է ցանկանում, պետք է միասնական մոտեցում մշակի ամբողջ Մերձավոր Արեւելքում քրդական հարցի շուրջ, այլ ոչ միայն Թուրքիայի: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի քրդերի հանդեպ վերաբերմունքի ցանկացած փոփոխություն անմիջապես արձագանք է գտնում Սիրիայի քրդերի մոտ: Եվ եթե Թուրքիան ցանկանում է մշտապես փոփոխվող այս տարածաշրջանում ուժեղ խաղացող լինել, պետք է հաշտվի քրդերի հետ: Հակառակ դեպքում՝ կտուժեն իր իսկ շահերը»: