Սնվելու ընթացքում ծանր սպասքի օգտագործումը կերակուրը դարձնում է ավելի համեղ, պնդում են Օքսֆորդ համալսարանի բրիտանացի գիտնականները։ Նրանք առաջին անգամ ուղիղ կապ են հայտնաբերել սպասքի ծանրության եւ ուտելիքի ընկալման միջեւ, հաղորդում է Kedem-ը։

Էդինբուրգի հյուրանոցներից մեկում 130 այցելուների մասնակցությամբ փորձը ցույց է տվել, որ որպես կանոն ճաշկերույթների համար նախատեսված բարձրորակ սպասքով մատուցված ուտելիքի համար հաճախորդները պատրաստ են եղել վճարել 15 տոկոսով ավելի, քան այն այցելուները, որոնք համտեսում էին երեք անգամ  քիչ կշիռ ունեցող եւ ավելի ցածրորակ սպասքով մատուցված նույն ուտելիքը։ Ծանր սպասքից օգտվող մարդկանց ուտելիքը ավելի համեղ է թվացել։

Ըստ մասնագետների՝ հավանական է, որ սպասքին վերագրվող մեր դրական կամ բացասական տպավորությունները վերածվում են ուտելիքի մասին դատողությունների։ Այդ երեւույթը հաճախ կոչվում է «տպավորությունների փոխանցում»։ Հավանական է, որ հաճախորդներին ավելի շատ գրավում է ծանր սպասքով ուտելու գաղափարը՝ մեծացնելով նրանց իրազեկվածության աստիճանը եւ ուտելիքից ստացվող հաճույքը։