Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծի մի շարք դրույթներին:
Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրության նոր նախագծով ամրագրված երկփուլ ընտրությունների մասին դրույթը, որը Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է հանել:
Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է այդ դրույթը տանել Ընտրական օրենսգիրք եւ հարցը քննարկել քաղաքական ուժերի հետ, քանի որ Ընտրական օրենսգրքի դրույթները միշտ քննարկվել են Ազգային ժողովում: Կարծում եմ՝ երկփուլ ընտրությունների վերաբերյալ մասնագիտական խումբը դեռեւս քննարկումներ կկազմակերպի:
Ըստ իս՝ երկփուլ ընտրությունների դրույթը բավականին լուրջ դրույթ է, պետք է բազմակողմանի քննարկել: Այնպիսի մեխանիզմ է մշակվում, որը հետագայում պետք է կարողանա ապահովել եւ կառավարման, եւ մեծամասնության կայունությունը: Ամենակարեւորն այն է, որ առաջին փուլում X ձայներ հավաքած քաղաքական ուժերը, որոնք ցանկություն չունեն միանալու առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին եւ կոալիցիա կազմած գնալու երկրորդ փուլ, նրանց ձայները պետք է պահպանվի: Այսինքն, եթե ժողովուրդը որեւէ քաղաքական ուժի տվել է X ձայն, ապա վերջինս այդ ձայներին համապատասխան պատգամավորներով անպայման պետք է ներկայացված լինի խորհրդարանում:
Այդ դրույթի համաձայն՝ եթե որեւէ ուժ չի հավաքում 50 տոկոսից ավելի, 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ նոր ընտրություն է տեղի ունենում, որպեսզի որեւէ ուժ արհեստականորեն ԱԺ-ում ունենա 50 տոկոսից ավելի մանդատ:
Չեմ կարծում: Նորից եմ նշում, որ կայուն մեծամասնություն ապահովելու համար պետք է առաջին փուլում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած ուժերի միջեւ ընտրություն լինի:
Սահմանադրության նոր նախագծով ամրագրվում է, որ ԱԺ-ում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել, ինչը Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել: Ինչո՞վ է պայմանավորված նման դրույթի ներառումը:
Այս պահին ձեռնպահ կմնամ այս դրույթի վեաբերյալ մեկնաբանություն անելուց: Սահմանադրության նոր նախագիծը ենթակա է քննարկման: Մենք նույնպես նայում ենք այդ դրույթները՝ մեր առաջարկությունները ներկայացնելու համար: Նաեւ պետք է հաշվի առնենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները:
Պարոն Սահակյան, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը օրերս մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք ամեն ինչ արել են՝ հնարավոր բոլոր կոնֆլիկտների իրավական լուծումը տալու համար: Արդյոք սա նշանակում է՝ իշխանությունները վախենո՞ւմ են մարդկանց փողոց դուրս գալուց: Թերեւս Սահմանադրության նոր նախագծով առաջին անգամ քաղաքացիական հասարակությունը հնարավորություններ է ստանում:
Խոսքը վերաբերում է հնարավոր բախումներից զերծ պահելուն, այսինքն հնարավոր առճակատումներից կամ հենց խնդրահարույց հարցերից, որոնք կարող են բախումների պատճառ հանդիսանալ: Սա է նպատակը:
Առաջին անգամ է, որ վերպետական միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցությունը որոշվելու հանրաքվեի միջոցով:
Տարբեր միջազգային պայմանագրերի հետ կապված նույնիսկ Ազգային ժողովում քննարկումների ժամանակ նշվում է, որ սրսնք կարեւոր են եւ պետք է անցնեն լայն քննարկման փուլ, մինչեւ ԱԺ-ի կողմից վավերացվելը: Նույնը վերաբերում է պետության՝ այս կամ այն միջազգային կազմակերպությանն անդամակցելուն:
Սահմանադրության նոր նախագծով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ, այդ թվում ԿԲ, ԿԸՀ նախագահները, գլխավոր դատախազը ընտրվելու են ԱԺ 3/5-րդ մեծամասնության կողմից: Հնարավո՞ր է Հայաստանում քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը լինեն համակարծիք այս հարցերում:
Մենք մշակել ենք այնպիսի մեխանիզմ, որտեղ քաղաքական փոքրամասնությունը ունի դերակատարում Ազգային ժողովում: Կայուն մեծամասնությունն այնպիսի թեկնածու պետք է առաջադրի, որ ընկալելի լինի նաեւ ընդդիմության կողմից: Դու պետք է հաշվի առնես նաեւ ընդդիմության կարծիքը, տեսակետը, որ ունենաս պաշտոնյա այդ պաշտոններում:
Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը





























