«Եվրասիական երիտասարդական խորհրդարանի» նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի՝ Հայաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններից ստացած  մեդալների թեման նոր զարգացումներ է ունենում: NEWS.am-ի տեղեկություններով՝ նրան մեդալներ շնորհած Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանները, օրինակ՝ Երեւանի քաղաքապետարան, ոստիկանություն, մտմտում են, թե ինչպես մաքրեն այդ խարանը իրենց վրայից, քանի որ ամեն օր Անդրանիկ Նիկողոսյանի մասին լրատվամիջոցները նոր բացահայտումներ են անում:

Հարցին, թե ո՞ր փուլում է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրությունը՝ Անդրանիկ Նիկողոսյանին ԱԺ-ի շնորհած բարձրագույն պարգեւ ԱԺ պատվո մեդալից զրկելու վերաբերյալ, ԱԺ հասարակայնությանեւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասաց, որ Աժ նախագահը արձակուրդում է, երբ արձակուրդից վերադառնա, այդ ժամանակ էլ կանդրադառնան այդ հարցին:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեդալները հետ վերցնելու որեւէ ընթացակարգ չկա: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի կողմից Անդրանիկ Նիկողոսյանին զենք նվիրելուն, ապա այն հետ վերցնելուն, խոսնակը այս առթիվ որեւէ մեկնաբանություն չտվեց:

Մեր տեղեկություններով՝ ավելի քան 5 տարի առաջ Պաշտպանության նախարարության ու Անդրանիկ Նիկողոսյանի միջեւ սերտ համագործակցություն է եղել, նախարարը, ի նշան վերջինիս սահմանամերձ գյուղերի բնակիչներին ցուցաբերած օգնության, նրան մեդալներ է շնորհել, ինչպես նաեւ ատրճանակ նվիրել: Սակայն ժամանակի ընթացքում, երբ Անդրանիկ Նիկողոսյանը ինչ-ինչ հարցերում խաբել է բարձրաստիճան զինվորականներին, սկսել են տարաձայնությունները: Հենց այդ հողի վրա էլ նախարարը հետ է վերցրել նվիրած զենքը:

Տարաձայնություններն այսքանով չեն սահմանափակվել, NEWS.am-ի տեղեկություններով՝ ՊՆ-ի ու Անդրանիկ Նիկողոսյանի միջեւ ինչ-որ գործարքներ, պայմանագրեր են եղել, որոնք եւս խզել են: Ու այդպես ամենաբարձր մակարդակով վերջինիս հեռացրել են Հայաստանից: