Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել 9 մարդ, տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վեդիի հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վթարի հետեւանքով իրենց մոտ տեղափոխվել է մոտ 70-ամյա մի տղամարդ, ում մոտ առկա է գլխի սալջարդ, բայց վիճակը լավ է: Վթարի հետեւանքով մահացողը հենց նրա 41-ամյա որդին է, հայրը տեղյակ է այդ մասին:

Վթարի հետեւանքով եւս 8 հոգի տեղափոխվել է Արարատի հիվանդանոց, նրանցից  3-ը կին է, 5-ը՝ տղամարդ, կար նաեւ մի երեխա, ում մոտ, բարեբախտաբար, որեւէ խնդիր չի հայտնաբերվել, նրան չեն հոսպիտալացրել:

NEWS.am-ի թղթակցին հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Մեկը հենց իրանցի վարորդն է՝ մոտ 60 տարեկան, միացված է արհեստական շնչառության ապարատին, մյուսը ջարդուխուրդ եղած մեքենաների մեկի կին ուղեւորներից է: Երկուսի մոտ էլ հայտնաբերվել են գանգուղեղային վնասվածքներ:

Արարատի հիվանդանոցում գտնվող վթարի հետեւանքով տուժած մյուս 6 վիրավորների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք տարբեր վնասվածքներ են ստացել՝ սալջարդներ, կոտրվածքներ, պատռվածքներ, ցնցում եւ այլն:

Վթարի հետեւանքով տուժածները պատմել են, որ գալիս էին Երեւան, Երասխավանի խաչմերուկում կանգնել են, որպեսզի ջուր խմեն, երբ իրանցու բեռնատարի ցիստեռնը անջատվել է, մեքենան շրջվել է եւ հարվածել մի քանի մեքենաների: Նախնական տեղեկություններով՝  իրանցու մեքենան հարվածել է երկու մեքենայի, որի մեջ եղել են ընտանիքներ: Հիվանդանոցներում այժմ ճշտում են տուժածների տարիքը ու ինքնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդերս Ե» մակնիշի 94 QS 444 պ/հ (Է. Հ. , 33 տարեկան), «Նիսսանա Տիանա» մակնիշի 471 ՍԼ 24 պ/հ (վարորդ` 1953 թ. ծնված Ա. Ա.), «Մերսեդես» մակնիշի 105 ԼՍ 67 պ/հ բեռնատար (վարորդ` 1959 թ. ծնված Ա. Գ. ), «ԴԱՖ» 34 NV 147 պ/հ (Ս. Ս., 36 տարեկան) բեռնատար, «ՄԱՔ» մակնիշի առանց պ/հ (վարորդ Ի. Խ., 55 տարեկան) բենզատար, «Ֆորդ Տրանզիտ» եւ «Տոյոտա Վիտս» (վարորդ` 1957 թ. ծնված  Գ. Պ. ) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Վիտս» եւ «Մերսեդերս Ե» մակնիշի ավտոմեքենաներում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեւոյի» մոտ, բախվել է 7 ավտոմեքենայի: Բախման հետեւանքով մի քանի ավտոմեքենաներ այրվել եւ վերածվել են մոխրակույտի, մի քանի ավտոմեքենաներ էլ վերածվել են մետաղի ջարդոնի:

Վթարի հետեւանքով 1 մարդ մահացել է, իսկ 9-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի եւ Վեդիի հիվանդանոցներ: