Մի խումբ անհատ ձեռնարկատերեր այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին նամակ հանձնեցին՝ պահանջելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:
«Մենք ուզում ենք՝ շրջանառության հարկը 5 տոկոսի փոխարեն 3 տոկոս վճարենք: Մենք նամակ հանձնեցինք Հովիկ Աբրահամյանին նույն բովանդակությամբ, ասացին որ 15 օրվա ընթացքում կպատասխանեն: Պատասխանից հետո կորոշենք մեր հեագա քայլերը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Արսեն Արզանյանը:
Արսեն Արզանյանը նշեց, որ չնայած իրենք կապ չունեն «Կասեցում» շարժման հետ, բայց իրենց նպատակը նույնն է:
Նշենք, որ ակցիայի մասնակից 5 ձեռնարկատերերը կես ժամ մնացին Կառավարության շենքի մոտ եւ նամակը հանձնելուց հետո հեռացան:
Հիշեցնենք, որ մարտին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են փոքր ու միջին բիզնեսին:
Հիշեցնենք, որ օրենքի նոր խմբագրման մեջ մի շարք սկզբունքային փոփոխություններ են կատարվել, որոնք առաջարկում էին ՓՄՁ-ներն ու քաղաքական ուժերը: Մասնավորապես, հանվել է գործարքների պարտադիր թղթաբանության պահանջը եւ ներդրվել է ընտրանքային համակարգ՝ տարբեր դրույքաչափերով:
«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է առանց թղթաբանության գործելու դեպքում շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս: Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1,5% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Այդուհանդերձ, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1,5 տոկոսից ցածր լինել: Արտադրող սուբյեկտներից հարկը մնում է հինը՝ 3,5 տոկոս:
Շրջանառության հարկի համար առավելագույն շեմը առաջարկվում է տարեկան 58,35 մլն դրամից հասցնել 113,4 մլն դրամի: Այդ շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն ավելացած մասը:
.jpg)





























