Հայաստանի բաշխիչ ցանցերի ուսումնասիրմամբ եւ դրա վերաբերյալ խորհրդատվությամբ կզբաղվի «Deloitte»-ը։ Այդ մասին Հայաստանի Կառավարության օգոստոսի 13-ի նիստին հայտարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նա հիշեցրել է, որ հուլիսի 27-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավեր է ուղարկել միջազգային հինգ հեղինակավոր քոնսալթինգային ընկերության։ «Մեր ուսումնասիրության արդյունքում, առաջարկում ենք հաղթող ճանաչել «Deloitte»-ին, որի գնային առաջարկը նկատելիորեն ավելի ցածր էր»,-ավելացրել է Գաբրիելյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հավաստիացրել է, որ այդ հետազոտության արդյունքում Հայաստանի հասարակությունը պատասխան կստանա շատ հարցերի։ «Դա համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, եւ նրա եզրակացության հիման վրա մենք կկարողանանք առաջ գնալ»,-ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ չնայած բողոքի բազմամարդ ցույցերին, ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին հաստատել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 6,93 դրամով՝ մեկ կիլովատտ ժամի համար այն հասցնելով 48,78 դրամի (մոտ 10,3 ցենտ)։ Հունիսի 27-ին, բողոքների 6-րդ օրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական խորհրդակցություն էր անցկացրել տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պետական պաշտոնյաների հետ։ Խորհրդակցության ընթացքում նա հայտարարել էր, որ մինչեւ միջազգային աուդիտի եզրակացության հրապարակումը, Կառավարությունն իր վրա կվերցնի 6,93 դրամով բարձրացման ամբողջ բեռը։ Եթե աուդիտի արդյունքում գնի բարձրացման հայցը արդարացի համարվի, սպառողները կսկսեն վճարել նոր սակագնի համաձայն։ Հակառակ դեպքում կառավարությունը միջոցներ ձեռք կառնի «Հայաստանի էլեկտրացանցերից» հետ ստանալու վճարված գումարը եւ պատասխանատվության կանչելու այն պաշտոնատար անձանց, որոնք պատասխանատու են թանկացման համար։





























