Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը, որն ավելի վաղ փոխանցվել էր Պաշտպանության նախարարությանը, մասնավոր ընկերությանն է վաճառվել 30 միլիոն դոլարով։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 13-ի նիստին հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Գնորդը՝ «NTAA Ինվեսթմընթ գրուպ» ԲԲԸ-ն պարտավորվում է չորս տարվա ընթացքում Մարզահամերգային համալիրի վրա ներդնել ավելի քան 100 միլիոն դոլար (գումարը կճշգրտվի նախագծային նախահաշվարկների ավարտից հետո)։ Ծրագրի շրջանակում կբացվի առնվազն 250 նոր աշխատատեղ ի հավելումն գործող 99-ի։
Ըստ ծրագրի, ՄՀՀ-ի կողքին կստեղծվեն հյուրանոցներ, փակ ավտոկայանատեղի, համերգասրահներ եւ համագումարների սրահներ։ Ընկերությունը կպահպանի համալիրի անվանումը եւ նպատակային կիրառությունը, ինչպես նաեւ այն կտրամադրի Կառավարությանը պետական միջոցառումների անցկացման համար (տարվա ընթացքում 12 օր՝ անվճար)։
Նշենք, որ նախատեսվում է՝ ընկերությունը կվերանորոգի համալիրի շենքը, կիրականացնի կառուցապատում և կստեղծի ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
Հիշեցնենք, որ ՄՀՀ-ն պետությանն էր փոխանցվել նախկին սեփականատիրոջ՝ «ԲԱՄՈ» ԲԲԸ-ի հարկային չվճարված պարտավորությունների հետեւանքով։ Համալիրը հինգ անգամ աճուրդի էր հանվել։ Քանի որ գնորդներ չէին հայտնվել, այն փոխանցվել էր Պաշտպանության նախարարության իրավասությանը հաշվեկշռային 10,4 միլիարդ դրամ արժեքով (25 միլիոն դոլար)։





























