Մոսկվայում ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարության հետեւում կարող են նոր պայմանավորվածություններ թաքնված լինել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նշենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը վստահություն էր հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կընդգրկվի Ռուսաստանի կազմում, եթե Ռուսաստանը դեմ չլինի:
Այդ մարդը, ըստ Սաֆարյանի, առանձնապես հայտնի չէ Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ունեցած իր ծառայություններով: «Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ որոշակի հովանավորություն գոյություն ունի Անդրանիկ Նիկողոսյանի նկատմամբ: Կարծում եմ, որ հայ հասարակությունը չպետք է առանց արձագանքի թողնի նման հայտարարությունները: Հատկապես պետության անկախությունը խեղդելու քաղաքականության առկայության պայմաններում, որը նոր վերջերս է ի հայտ եկել»,-ընդգծել է փորձագետը:
Նա նաեւ հավելել է, որ Նիկողոսյանի հայտարարություններում նկատելի են նույն սխեմաներն ու տեխնոլոգիաները, որոնցով Հայաստանին հարկադրեցին դառնալ ԵՏՄ անդամ:





























