Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր շանտաժի քաղաքականությամբ ձանձրացրել է ամբողջ աշխարհին, եւ հիմա նրա քայլերն Արեւմուտքին վստահություն չեն ներշնչում, որ նա իրապես պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պատճառներ ունեն: «Ստեղծվեց մի հրեշ, որն այլեւս ոչ ոքի չէր ենթարկվում: Խոսքն «Իսլամական պետության» մասին է: Թուրքիան եւ Արեւմուտքը տարիներ շարունակ կերակրում էին այդ հրեշին՝ կարծելով, որ այն գահընկեց կանի Բաշար Ասադին: Բայց հետո նրանք հասկացան, որ դրանից հետո կարող են Սիրիայում ավելի դաժան իրադարձությունների տեղի ունենալ»,- նշեց Սաֆարյանը:

Ասադին ընդդիմացող քաղաքական եւ քաղաքացիական թեւը, փորձագետի խոսքով, պարտություն կրեց: «Եվ հիմա, երբ Միացյալ Նահանգներն ու արեւմտյան բազմաթիվ երկրներ պայքարում են «Իսլամական պետության» դեմ, Թուրքիան փորձում է այդ պայքարի պատրվակով իր խնդիրները լուծել: Թուրքիայի համար երկու խնդիր գոյություն ունի. քրդական հարցն ու Սեւրի սինդրոմը՝ Հայկական հարցը: Քանի որ քրդերը, ի տարբերություն հայերի, Թուրքիայում անկախություն են պահանջում, քրդական հարցը խիստ արդիական է տասնամյակներ շարունակ»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է ներքին պատճառներին, որոնցով պայմանավորված են Էրդողանի գործողությունները, նա նշեց. «Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն ակնհայտորեն պարտություն էին Արդարություն եւ զարգացում կուսակցության համար: Դա Էրդողանի՝ նեոօսմանյան պետության հիմնադիր դառնալու երազանքի ձախողում էր: Ընտրությունները ցույց տվեցին, որ նրա հայեցակարգերն այլեւս վստահություն չեն ներշնչում հասարակությանը, եւ նա կախված է քաղաքական այլ խաղացողներից»:

Սաֆարյանի համոզմամբ, պատահական չէ, որ արեւմտան շատ վերլուծաբաններ կարծում են, որ Էրդողանի վերջին քայլերն ուղղված են ոչ միայն քրդերին պատժելուն եւ սիրիական իրադարձություններում նրանց առաջընթացը կանխելուն, այլեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելուն:

Հարցին, որքա՞ն մեծ է հավանականությունը, որ Էրդողանին կհաջողվի հասնել իր նպատակներին, փորձագետը պատասխանեց. «2009 թվականից հետո, երբ ծանոթացա Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» տեսությանը, որը կարելի է թուրքական արտաքին քաղաքականության հայեցակարգը համարել, ես մեկ գնահատակ տվեցի. այս երկիրը շատ մեծ ախորժակ ունի, բայց խիստ համեստ հնարավորություններ: Եվ Թուրքիան կձախողվի իր ցանկությունների եւ հնարավորությունների միջեւ հսկայական տարբերության պատճառով: Հետեւաբար, ես գրեթե վստահ եմ, որ Էրդողանի իշխանությունը Թուրքիայում կփոխվի»:  

Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, Թուրքիայի հանդեպ հավատն Արեւմուտքում խիստ խարխլվել է: «Թուրքիային արեւմտյան ուղեծրում պահելու միակ ուղին այդ երկրում կանխատեսելի եւ հասկանալի իշխանությունն է: Հետեւաբար՝ Թուրքիայում իշխանափոխությունն անխուսափելի է»,- ամփոփեց փորձագետը: