Այսօր Հայաստանը գտնվում է սարսափելի իրավիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը արդեն երկրորդ անգամ իրեն թույլ է տվել շեղվել ընդունված դիվանագիտական պրոտոկոլից և ուղիղ տեսախցիկների առջև Հայաստանի կառավարության ղեկավարին հայտնել իր դժգոհությունը։

«Նա բաց քարտերով, ամենախիստ ձևակերպումներով և պահանջներով նստեց Նիկոլ Փաշինյանի դիմաց»,- ասել է Մանուկյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին, պետք է մտածեն իրենց քաղաքացիների մասին՝ ինչպես Ռուսաստանում ապրող և աշխատող, այնպես էլ այնտեղ իրենց արտադրանքն արտահանող։

Ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը բնութագրել է որպես «գավառական շուստրիություն»։