Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և Փաշինյանի՝ վերջերս Բիշքեկում կայացած հանդիպումը։

«Փաշինյանի Հայաստանը իր առջև խնդիր էր դրել՝ հնարավորինս հետաձգել իր եվրաինտեգրման արդյունքները, որոնք բացասաբար կանդրադառնան Հայաստանի՝ Ռուսաստանի հետ եվրասիական հարաբերությունների վրա»,- ասել է Կոլերովը։

Հայաստանի վարչապետը, ռուս փորձագետի կարծիքով, ակնհայտորեն ցանկանում էր միաժամանակ երկու ուղղությամբ գնալ, սակայն նախօրեին դա նրան ակնհայտորեն չհաջողվեց։

«Ռուսաստանը՝ ի դեմս իր բարձրագույն ղեկավարի՝ Պուտինի, ուղիղ հնչեցրել է իր դիրքորոշման գլխավոր թեզը, որն, ի դեպ, բազմիցս հնչել էր։ Բայց Փաշինյանի համար դա քիչ էր։ Այժմ նա ամեն ինչ անձամբ լսեց Ռուսաստանի բարձրագույն ղեկավարի շուրթերից»,- նշել է հասարակական գործիչը։

Նա համոզված է՝ Փաշինյանին չի հաջողվի միաժամանակ երկու ուղղությամբ գնալ։