Չինաստանը կարող էր արգելափակել G20 երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով համատեղ կոմյունիկեն, այդ թվում՝ ոչ շուկայական տնտեսական միջոցների վերացման մասին կետի պատճառով, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների պնդումներին։

«Չինաստանը խոչընդոտել է G20-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովում կոնսենսուսի ձեռքբերմանը՝ հանդես գալով ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից համաձայնեցված կոմյունիկեի դեմ, որը վերաբերում էր համաշխարհային առևտրում անհավասարակշռության նվազեցման համար «ոչ շուկայական միջոցների» վերացմանը», - գրում է պարբերականը։

Թերթի պնդմամբ՝ Չինաստանը նաև, իբր, դեմ է արտահայտվել այն դրույթին, որտեղ խոսվում էր արտաքին առևտրի «չափազանց մեծ» պրոֆիցիտի և տնտեսության աճի կառուցվածքում արտահանման չափազանց մեծ բաժնի մասին։

Ինչպես գրում է թերթը, Չինաստանը, իբր, դեմ է արտահայտվել նաև Օրմուզի նեղուցում կանխատեսելի նավարկության հիշատակմանը՝ Թայվանի նեղուցում և Հարավչինական ծովում երկրի ինքնիշխանության համար հնարավոր հետևանքների պատճառով, ինչպես նաև կարևոր հանքանյութերի անխափան մատակարարումների մասին ձևակերպումներին, որոնց պատճառով երկիրը լարվածություն ունի ԱՄՆ-ի հետ։ Ինչպես գրում է պարբերականը, ամերիկացի պաշտոնյաները Չինաստանին մեղադրում են այն բանում, որ այն, իբր, ամբողջությամբ չի կատարում հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունները։

Չինաստանը վերահսկում է աշխարհում հազվագյուտ հողային տարրերի մատակարարումների շուրջ 70%-ը և դրանց վերամշակման մինչև 90%-ը, որոնք խիստ կարևոր են էլեկտրոնիկայի և էլեկտրամոբիլների արտադրության համար։ Փետրվարին ԱՄՆ-ն ընդունել էր, որ ավելի քան 90%-ով կախված է ներմուծումից մոտ 25 կենսական նշանակության հանքանյութերի մասով։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Չինաստանը դարձել է G20-ի միակ երկիրը, որը հրաժարվել է աջակցել «քսանյակի» ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների Էշվիլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ կոմյունիկեին, ինչի պատճառով վերջնական փաստաթուղթը միաձայն ընդունել չի հաջողվել։