Առնվազն 13 մարդ մահացել է այսօր, եւս 10-ը վնասվածքներ է ստացել Հնդկաստանի արեւելքում գտնվող Ջարքհանդ նահանգում, որտեղ Սերայքելա-Կհարսավան շրջանում ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Այդ մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։ Ավտոբուսի ուղեւորներն ուխտավորներ էին, որոնք Ջարքհանդում գտնվող Դեոգհարա այցելելուց հետո վերադառնում էին Բիհար նահանգ։ Այդ քաղաքը հնդիկների համար ուխտագնացության կարեւոր կենտրոն է։
Տուժածներին հասցրել են հիվանդանոցներ։ Վթարի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Ոստիկանությունը պարզում է, թե ինչը կարող էր վթարի պատճառ դառնալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շաբաթվա սկզբից ի վեր սա երկրորդ խոշոր ճանապարհային պատահարն է , որից տուժում են ուխտավորները։ Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 12-ին Ուտտար-Պրադեշ նահանգում եւս ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Վթարի հետեւանքով 4 հոգի մահացել է, եւս 35-ը վնասվածք է ստացել։
Հնդկաստանն այլ երկրներից առաջ է ընկել ավտոճանապարհային պատահարներից մահացածների թվով։ 2014 թվին ճանապարհային պատահարները 141 հազար մարդու կյանք են խլել։ Հնդկաստանում վթարների ամենատարածված պատճառը արագության գերազանցումն է։




























