«Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելանում է: Այդ մասին են վկայում Տիգրանակերտի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի տվյալները հունվար-հուլիս ամիսների համար: Նշված ժամանակահատվածում Տիգրանակերտ է  այցելել 7000-ից ավել այցելու, այսինքն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 10 տոկոս աճ:

Ըստ նույն աղբյուրի,  Տիգրանակերտ են այցելում հիմնականում Հայաստանի եւ Արցախի բնակիչներ, սակայն ավելանում է Տիգրանակերտ այցելող  օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը` կազմելով տարեկան ընդհանուր այցելությունների գրեթե 40 տոկոսը:

Վերջին տարիներին Տիգրանակերտի արգելոցում իրականացվող պեղումները, ենթակառուցվածքների զարգացումը, զբոսաշրջիկների համար առավել հարմար պայմանների ստեղծումը եւ տարբեր տիպի հանրային միջոցառումների կազմակերպումը նպաստում են Տիգրանակերտի այցելությունների թվի աճին: Ներկա դրությամբ  արգելոցը համարվում է ԼՂՀ ամենաայցելվող զբոսաշրջավայրերից մեկը: