Ներառական կրթության համակարգում ընդգրկված՝ Երեւանի 125-րդ դպրոցի տնօրենը, որը հրաժարվել է ընդունել մանկական ուղեղային կաթված ունեցող Արեգին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոը հաստատեց տեղեկությունը:

Հետաքրքիր է, որ Ռուզաննա Մուրադյանը Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին հրաժարվել են ընդունել 125-րդ դպրոց http://news.am/arm/news/281618.html : Արեգի մայրը NEWS.am-ի թղթակցին պատմել էր, որ դպրոցի տնօրենն իրենց ասել է, թե Արեգի նման բարդ երեխաների հետ աշխատելու փորձ դպրոցի մասնագետները չունեն: Մինչդեռ մոր խոսքով՝ Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի եզրակացության համաձայն՝ Արեգը պատրաստ է ներառական ուսուցման ծրագրով հանրակրթական դպրոցում սովորելու համար, իսկ 125-րդ դպրոցը հենց նմատատիպ համակարգում է ընդգրկված: