Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով Գյումրիում 2 օր տեւած նստացույցն ավարտվել է, հաջորդ նստացույցը կանցկացվի Վանաձորում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը՝ նշելով, որ Գյումրիի նստացույցը տվեց իր ցանկալի արդյունքը:

«Հաջորդը Վանաձորում կանցկացնենք, հետո այլ քաղաքներ էլ ենք այցելելու, նստացույցների այս ակցիան երկար է տեւելու, քանի որ նպատակ ունի ոչ միայն գոտեպնդել Վոլոդյա Ավետիսյանին, այլեւ կազմակերպչական խնդիրներ ենք լուծում հետագա մեր գործունեության վերաբերյալ»,-ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նախաձեռնության ղեկավարը նշեց, որ այս նստացույցերի միջոցով ազատամարտիկները համախմբվում են եւ նախադրյալներ ստեղծում հետագա կազմակերպված պայքարի համար:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: