«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը պետական ահաբեկչության դրսևորում է համարում օգոստոսի 14–ի երեկոյան «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Սյուզի Մելիքյանի վրա հարձակումը: 

«Սյուզին այս մի քանի օրը  երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ թռուցիկներ էր պատրաստել և բաժանել Համահայկական խաղերի մասնակիցներին: Դրանից անմիջապես հետո նրա հետ պատահեց այս դեպքը: Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ իշխանությունների ձեռքի գործն է։ Հարձակումը համարում եմ երկրում պետական ահաբեկչության դրսեւորում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ Երևանի Դավիթաշեն թաղամասում Սյուզի Գևորգյանի վրա հարձակված ու գլխին հարվածած 2 տղամարդիկ զգուշացրել են, որպեսզի նա հեռու մնա «Հիմնադիր խորհրդարանից»:

Նրա խոսքով` Հիմնադիր խորհրդրանը կատարվածի առնչությամբ ոստիկանություն չի դիմել։

Ավելի վաղ ՀԽ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Երեւանում օգոստոսի 14-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզի Գեւորգյանի վրա, հարվածներ հասցրել, սպառնացել, ապա դիմել փախուստի: Նրանց փոխանցմամբ՝ Սյուզի Գեւորգյանը բնակվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասում: Նա «Հիմնադիր խորհրդարանին» աջակցելու նպատակով եկել է Հայաստան, իսկ վերջին օրերին զբաղված էր Համահայկական խաղերին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելով եւ թռուցիկներ բաժանելով։