Գեղարքունիքի մարզի Սեւան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առավոտյան տեղի ունեցած պատահարի հետեւանքով բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավտոբուսում եղել է 19 մարդ` վարորդը եւ 18 ուղեւոր:

Սեւանի հիվանդանոց հոսպիտալացված 10 տուժածից 5-ը, ստանալով բժշկական օգնություն եւ սպասարկում, դուրս է գրվել, մյուս 5-ը տեղափոխվել է մայրաքաղաք:

Ժամը 18:00-ի դրությամբ` վիրավորներից մեկը բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր», 4-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 17-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող Ա.Պետրոսյանի վարած ՊԱԶ-32053 մակնիշի ավտոմեքենան Սեւան-Գետափ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել հարակից ձորակը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավտոբուսում երեխաներ են եղել, իսկ ավտոբուսը տրամադրել էր պաշտպանության նախարարությունը։