Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկվանից՝ օգոստոսի 19-ին, սկսվել են Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվել է Մայր Տաճարի Ավագ Խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնեքը, երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք:

Այս տարի Մյուռոնօրհնությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սրբալույս Մյուռոնը: Ապա նոր օրհնված Մյուռոնը կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին: