ATV-ի հեռուստաընկերությամբ սեպտեմբերից կշարունակվի եթեր հեռարձակվել «Վեցերորդ զգայարան» հաղորդումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը:
Նա նշեց, որ սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մասնակցությամբ նկարահանված 2 հաղորդումները եթեր են հեռարձակվելու սեպտեմբերի 4-ին եւ 11-ին, դրանք նվիրված են լինելու էքստրասենսի հիշատակին:
Ավելին, Հրաչ Մուրադյանը հայտնեց նաեւ, որ սեպտեմբերի 4-ին «Վեցերորդ զգայարան» հաղորդումից առաջ եթեր կհեռարձակվի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը, որը նույնպես նվիրված է Անի Մաջնունյանի հիշատակին: Հաղորդմանը կհյուրընկալվեն նրա ընկերները, աշխատանքային գործընկերները, ովքեր կխոսեն Անի Մաջնունյանի մասին, կհիշեն նրան, պատմություններ, հուշեր կպատմեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նշենք, որ Անի Մաջնունյանը մենակ էր ապրում, ամուսնացած չէր: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։ 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):





























