Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արդեն ավելի քան 12 տարի գործում է մի կենտրոն, որը միավորում է հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին: Սեւանի արեւելյան ափին` խիստ կլիմա ունեցող շրջանում ապրող բնակչության համար, որը տուժել է պատերազմից եւ դրան հետեւած տնտեսական ճգնաժամի ալիքներից, հաշմանդամ երեխայի կրթության, հանգստի եւ զարգացման խնդիրը երբեմն անլուծելի է եւ, ի վերջո, երեխայի մեկուսացմանն է հանգեցնում: «Աստղավարդ» կենտրոնը ոչ միայն միավորել է ծնողներին, այլեւ պայմաններ է ստեղծել հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման եւ զարգացման համար:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հասարակական կազմակերպության նախագահ Մելանյա Եփրեմյանը պատմել է կենտրոնի գործունեության, ձեռքբերումների եւ խնդիրների մասին:
«Աստղավարդ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2003 թվականին: Այն միավորում է Վարդենիսից եւ համայնքներից շուրջ 200-250 ընտանիքի: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կենտրոն են այցելում նաեւ այնպիսի երեխաներ, որոնք խորը հաշմանդամություն չունեն, այլ որոշ ֆիզիկական խնդիրներ: Գալիս են նաեւ լրիվ առողջ երեխաներ: «Մենք կրթության հարցում ենք օգնում երեխաներին, առողջապահության, սոցիալական, ընտանեկան, ինչպես նաեւ նրանց մի քանի մասնագիտություն ենք սովորեցնում: Համագործակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների, նախարարությունների, մարզային վարչակազմի, տվյալ ոլորտում գործող այլ կազմակերպությունների, կրթական եւ բուժհաստատությունների հետ»,- պատմում է Մելանյա Եփրեմյանը:
Կենտրոնի ամենափոքրիկ սանն ընդամենը կես տարեկան է: Նշանակալի է, որ կենտրոն եկածներն այստեղ են մնում նաեւ չափահաս դառնալուց հետո, այնպես որ՝ ներկայում կենտրոնի ավագ սաները մոտ 30 տարեկան են:
«Ցավոք, ոչ բոլոր երեխաները կարող են այցելել կենտրոն: Այստեղ առաջ է գալիս փոխադրամիջոցների խնդիրը: Վարդենիսում ներքաղաքային փոխադրամիջոց չկա, երեխաների, հատկապես՝ հենաշարժական համակարգի խնդիր ունեցողների համար շատ դժվար է կենտրոն գալ: Դրա համար էլ յոթ խոշոր համայնքներում ծնողական աջակցության կենտրոններ կան, եւ հարցերի մի մասը տեղում է լուծվում: Բայց, ամեն դեպքում, նախընտրելի է, որ երեխաները գան կենտրոն. այստեղ վերականգնողական կենտրոն է ստեղծված, որտեղ մասնագիտություններ են ուսուցանում, կազմակերպում են երեխաների հանգիստը»,- նշում է Մելանյա Եփրեմյանը:
Կենտրոնում երեխաներին կար ու ձեւ են սովորեցնում, գորգագործություն, ուլունքով ասեղնագործություն, իսկ տղաների համար նախատեսում են կոշկակարության եւ ատաղձագործական դասընթացներ բացել: Բացի այն, որ արհեստ ունենալը երեխաներին ապագայում կօգնի եկամտի աղբյուր ունենալ, այն օգնում է զարգացնել շարժունակությունը, գունային ընկալումը, ճաշակը: Երեխաները նաեւ համակարգչային հմտություններ են ձեռք բերում: Երեխաների հետ ֆիզիոթերապեւտ է աշխատում, լոգոպեդ, հոգեբան, եւ բոլորը` կամավոր հիմունքներով:
«Հպարտ ենք, որ ճանաչում ենք ձեռք բերել եւ մեզ մոտ այլ մարզերից հաշմանդամություն ունեցող երեխաների են ուղարկում` վերականգնվելու»,- ընդգծում է Մելանիա Եփրեմյանը:
Ֆիզիկայի նախկին ուսուցչուհի, ներկայում Վարդենիսի բժշկական ուսումնարանի ուսմասվար Մելանյա Եփրեմյանին նման կենտրոն ստեղծելուն դրդել է երկվորյակ թոռների` Ալիկի եւ Ավիկի ծնունդը: «2003 թվականին պարզվեց, որ երեխաներն առողջական խնդիրներ ունեն եւ մենք երկար ճանապարհ պիտի անցնենք: Ես ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ ունեցող այլ երեխաների մասին էլ էի լսել, եւ որոշեցի հասարակական կազմակերպություն ստեղծել՝ նման երեխաներին օգնելու համար: Ծնողների հետ միասին հավաքվեցինք ու բացեցինք կենտրոնը»:





























