Շատ հավանական է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման նպատակով Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարվի, մինչ աշնանային քառօրյայի սկիզբը: Այդ մասին օգոստոսի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ ստեղծված հանգամանքներում փոփոխություններն անխուսափելի են:

Նրա խոսքով, կան գործիչներ, որոնք երկրում  սահմանադրական փոփոխությունների դեմ ելույթ են ունենում սեփական հավակնություններից ելնելով: «Եթե մենք ուզում ենք դինամիկ աճ ապահովել, ուզում ենք առողջացնել քաղաքական կուսակցությունները, բարձրացնել դրանց դերը, պիտի իրականացնենք այդ փոփոխությունները: Ես համաձայն եմ, որ վիճելի դրույթներ կան, որոնք քննարկման կարիք ունեն: Կարծում եմ, որ հանձնաժողովը կընդունի ավելի ինստիտուցիոնալ եւ կոնցեպտուալ առաջարկները, նշել է Կարինե Աճեմյանը: Պատգամավորի կարծիքով, առանց կայուն մեծամասնության, անհնար է արդյունավետ կառավարում իրականացնել: Կայուն մեծամասնություն ասելիս պետք չէ նկատի ունենալ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ընդդիմությունն այսօր շատ ցածր վարկանիշ ունի եւ շատ ակտիվ չէ»,-նկատել է Կարինե Աճեմյանը: Կառավարման մոդելի փոփոխությունը, ավելացրել է պատգամավորը, հնարավորություն կտա զարգացնել հանրաքվեի մշակույթը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նախագահին կից հատուկ հանձնաժողովը օգոստոսի 20-ին որոշում է կայացրել հաստատել սահմանադրական բարեփոխումների եւ հիմնավորումների նախագիծը եւ ներկայացնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը  Հայաստանի Ազգային Ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս շաբաթվանից նախագահը նախատեսում է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնել սահմանադրական փոփոխությունների  նախագծում արձանագրված մոտեցումների վերաբերյալ: Նախագահը փորձագիտական հանձնախմբին նաեւ հանձնարարել է շարունակել Վենետիկի հանձնաժողովի հետ երկխոսությունը այն կետերի շուրջ, որոնց առիթով հանձնաժողովը նախնական կարծիք էր հայտնել և որոնց վերաբերյալ առայժմ համաձայնեցված լուծում չի գտնվել: