Ռուսական առեւտրային ցանցերը Ռոսպոտրեբնադզորի կարգադրությամբ  սկսել են վաճառքից հանել արտասահմանյան արտադրողների մաքրող ու լվացող միջոցները, հայտնում է «Կոմերսանտը» թերթը։

Արգելքը կարող է վերաբերել նաեւ այնպիսի արտադրողների, ինչպիսիք են Henkel, Procter & Gamble եւ Colgate-Palmolive-ը։

Որոշ ապրանքատեսակներ չեն համապատասխանում «անվտանգության տոքսիկոլոգիական եւ սանիտարաքիմիական ցուցանիշների նորմատիվային պահանջներին» ՝ գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի նամակին, որն հուլիսի 28-ին ուղարկվել է ծառայության տարածքային վարչություններ։

Արգելքը տարածվելու է Fairy Platinum (Procter & Gamble) աման լվանալու հեղուկի, «Palmolive» հեղուկ օճառի եւ Colgate-Palmolive-ի «Ձիթապտղի ինտենսիվ խոնավացում եւ խոնավացնող կաթնահեղուկի», Emsal (Werner & Mertz GmbH) հատակի խնամքի միջոցի եւ եվրոպական ու ամերիկյան արտադրողների այլ ապրանքատեսակների վրա։

Metro Cash & Carry, «Ашан» եւ Х5 Retail Group  ցանցերից պարբերականին հայտնել են, որ իրոք նամակ են ստացել Ռոսպոտրեբնադզորից, որում ասված է,  որ վերոնշյալ ապրանքները պետք է հանել շրջանառությունից «քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնասը կանխարգելելու նպատակով»