«Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 25-ին, հերթական անգամ հավաքվել էին Վանաձորի մարզպետարանի դիմաց եւ պահանջում էին իրենց աշխատավարձերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցները նշեցին, որ վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերին և այլևս չեն պատրաստվում սպասել, թե երբ կվճարեն իրենց 7 ամսվա աշխատավարձը:  Նրանք նշեցին, որ եթե իրենց աշխատավարձերը չվճարեն, կկանգնեն գործարանի դարպասների առջեւ և կխոչընդոտեն գործարանից մետաղների ու նյութերի, նաեւ արտադրանքի դուրսբերման գործընթացին:

«Ասում էին` «Նաիրիտի» հարցը լուծեն, հետո մեր հարցով կզբաղվեն: Այլևս չենք պատրաստվում սպասել, թե երբ կտան, 2 օրից կրկին կհավաքվենք և, եթե մեր խնդրին լուծում չտան, կսկսենք փողոցներ և գործարանի մուտքը փակելը: Այժմ մարզպետն արձակուրդում է, կսպասենք, մինչև գա արձակուրդից և կպահանջենք մեր հարցերի պատասխանները»,- բողոքեցին աշխատակիցները:

«Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցները մի քանի ժամ Վանաձորի մարզպետարանի դիմաց կանգնելուց հետո հեռացան:

Նշենք, որ «Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցները, որոնք 2013-ից հարկադիր պարապուրդի մեջ են, պարբերաբար հավաքվում են Վանաձորի մարզպետարանի դիմաց եւ պահանջում իրենց աշխատավարձերը։