Մարզահամերգային համալիրում եւ նրա մերձակայքում խաղատուն չի լինի: Այդ մասին օգոստոսի 25-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Նա հիշեցրել է, որ «Խաղատներում շահույթով խաղերի մասին» օրենքի համաձայն, առանձնացված հատուկ տարածքներից (Սեւան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի) դուրս խաղատուն կարելի է կազմակերպել այն դեպքում, երբ առկա է 100 միլիոն դրամը գերազանցող ներդրումային ծրագիր: Բայց նույնիսկ այդ դեպքում խաղատունը կկառուցվի ՄՀՀ-ից եւ Ծիծեռնակաբերդի համալիրից 1,5-2 կմ հեռավորության վրա, «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց:
«Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կարեւոր եւ թանկ է մեզնից յուրաքանչյուրի համար, եւ անհնար է մտածել, թե այնտեղ կարելի է ինչ-որ բան անել, առանց համաձայնեցնելու ճարտարապետների հետ: Որեւէ խախտում այստեղ ուղղակի անհնար է, չարժե նույնիսկ խոսել դրա մասին»,-ավելացրել է Սարգսյանը:
ՄՀՀ-ը գնած ընկերությունը ներդրումային ծրագիր է ներկայացրել, որը կարող է համալիրը դարձնել ոչ միայն ինքնածախսածածկող, այլեւ երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին ձգող կենտրոն:
«Վստահեցնում եմ, որ նախագիծը կիրականացվի պետական ունեցվածքի կոմիտեի խիստ վերահսկողության տակ»,-հայտարարել է Սահակյանը:
Այն դիտողությանը, թե ՄՀՀ-ը գնած ընկերությունը գրանցվել է ընդամենը մեկ ամիս առաջ, ինչը վստահություն չի ներշնչում նրա ֆինանսական կայունության հանդեպ, Սահակյանը հակադարձել է` ասելով, թե ընկերությունն արդեն ներկայացրել է համալիրի գնման համար անհրաժեշտ 30 միլիոն դոլարը: «Դա նրա ապագա ներդրումների լավագույն երաշխիքն է: Ինչո՞ւ պիտի 30 միլիոն ծախսի ու հետո ոչինչ չանի»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ի որոշմամբ Կառավարությունը ՄՀՀ-ը 30 միլիոն դոլարով վաճառել է «NTAA Ինվեսթմընթ գրուպին»: Նախատեսվում է շինությունը վերանորոգել եւ նրանում ընտանեկան հանգստի համալիր ստեղծել: Ծրագրի ներդրումները պիտի կազմեն 100 դոլարից ոչ պակաս: Նախագծի շրջանակում պիտի ստեղծվի մոտ 250 աշխատատեղ:





























