Հայաստանում ներդրված կայուն մեծամասնություն հասկացությունը բոլորովին չի նշանակում մեկ քաղաքական ուժի մենիշխանության հաստատում: Այդ մասին Հայաստանի քաղաքական ուժերի հետ Վենետիկի հանձնաժողովի անդամների հանդիպումից հետո օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական ուժի ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածին` պատգամավորը ընդգծել է. «Այո, խնդիրը կայուն մեծամասնության ձեւավորումն է: Իրականում կառավարման խորհրդարանական ձեւում գոյություն ունի իրավիճակ, որում մեծամասնություն չի կարող ձեւավորվել: Նկատի առնելով Հայաստանի մշտական պատերազմական վիճակը` մենք բացառել ենք շարունակական ընտրությունների փուլը, որովհետեւ եթե մեծամասնություն չկա, որոշումը նոր ընտրությունների անցկացումն է եւ այդպես անընդհատ»: Հաջորդ խնդիրը, շարունակել է պատգամավորը, այն է, որ կառավարությունը կկազմավորվի, բայց դա փոքրամասնության կառավարություն կլինի:

«Դա եւս խոցելի է, որովհետեւ անվստահության առիթ է տալիս: Նախկինում իրավիճակն անկայուն էր, որովհետեւ կոալիցիան կազմված էր բազմաթիվ անդամներից, եւ այդ կոալիցիայում շատ տարաձայնություններ կային, ինչը հանգեցնում էր կառավարությունների տապալմանը»,-նշել է Արմեն Ռուստամյանը:

89-րդ հոդվածում հստակ ասված է, որ Ընտրական օրենսգիրքը պիտի հաստատի մեծամասնության ձեւավորման կարգը եւ ժամկետները: «Եթե դա տեղի չի ունենում, միայն այդ դեպքում է անցկացվում ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլում այն կուսակցությունները, որոնք զբաղեցրել են առաջին եւ երկրորդ տեղերը, պիտի ընտրություններին մասնակցեն նոր դաշինքներով: Դա նաեւ ընդդիմությանը հնարավորություն է ընձեռում միավորվելու միասնական թեկնածուի շուրջ եւ այդպիսով գնալ իշխանության փոփոխության: Դա ընդդիմադիր ուժերի համար էլ է կարեւոր»,-ընդգծել է Արմեն Ռուստամյանը` ավելացնե;ով, որ իշխանությունները միշտ խնդիր կունենան ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված: Պատգամավորի տեսանկյունից կայուն մեծամասնությունը պիտի այնպես ձեւավորվի, որպեսզի հստակ լինի, որ առաջին փուլից հետո, եթե կուսակցությունն իր ձայներով մեծամասնություն չկազմի, պետք է փորձ ձեռնարկվի դա ձեւավորել դաշինքի միջոցով: « Եթե դա եւս տեղի չի ունենում, այդ ժամանակ միայն կարելի է անցնել ընտրությունների երկրորդ փուլին: Դա ելք է ստեղծված իրավիճակից, ոչ թե մեծամասնություն ձեւավորելու արհեստական եղանակ»,-ամփոփել է Արմեն Ռուստամյանը: