2016-ի հունվարի մեկից Հայաստանի Հանրապետության կառուցապատող ընկերությունների արտոնագրերը կընդունվեն Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրության, ծառայությունների եւ ներդրումների բաժնի պետի տեղակալ Ռինատ Գալիտդինովը:
Ռուսական շուկայում ընդհանուր հիմունքներով նրանց մուտքի ոչ մի սահմանափակում չի լինի: Իսկ հետագայում ավելի ընդարձակ շուկա դուրս գալու համար անհրաժեշտ է մտնել ինքնակարգավորվող կազմակերպությունների մեջ: Այստեղ անհրաժեշտ կլինի մասնագիտական մակարդակի եւ ֆինանսական կայունության երաշխիքներ ներկայացնել: Բայց կպահանջեն ճիշտ այնքան, որքան ռուսական կառուցապատողներից, ոչ ավելի, ընդգծել է Գալիտդինովը:
Հիշեցնենք, որ ռուսական կանոնների համաձայն, ինչպես կառուցապատող ընկերությունների, այնպես էլ նախագծողների եւ ինժեներների համար ցանկալի է ինքնակարգավորվող կազմակերպության անդամ լինելը: Առանց դրա, ընկերությունը վստահելի չի համարվում եւ չի կարող հավակնել շինարարական պատվերների մեծամասնությանը:
Նշենք, որ 2014-ին Հայաստանում շինարարության ծավալը կազմել է մոտ 433,2 միլիարդ դրամ, կամ էլ մոտ 906 միլիոն դոլար: «Իսկ Ռուսաստանն ամեն տարի արտահանում է 7 միլիարդ դոլարի շինարարական ծառայություն: Իհարկե, ցանկացած բիզնեսը կուզենա օգտվել այդ հնարավորություններից», - ավելացրել է ԵՏՄ-ի պաշտոնյան:





























