Սյունիքի մարզում 7 համայնքների միջեւ կառուցվող ավազակոպճային ճանապարհի 1 կմ-ն արժե շուրջ 20 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ ճանապարհի ընդհանուր երկարությունը 14 կմ է:

«Ճանապարհի ընդհանուր արժեքը շուրջ 270 մլն դրամ է կազմում, 1 կմ-ի արժեքը կազմում է շուրջ 20 մլն դրամ»,- ասացին նախարարությունից:

Շինարարությունն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» շրջանակում, եւ նպատակն է վերանորոգել միջպետական ճանապարհից դեպի-Շաքի-Սիսիան-Տոլորս-Բնունիս-Տորունիք-Դաստակերտ հատվածները:

Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարի՝ համայնքների միջեւ կառուցվում են ոչ թե ասֆալտե, այլ ավազակոպճային ճանապարհներ, քանի որ այնտեղով շատ  տեխնիկա է անցնում, ինչը վնասում է ասֆալտը, իսկ համայնքների ներսում ճանապարհներն ասֆալտապատվում են: