«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ամբողջական արժեքը պարզ կլինի միայն նախագծային աշխատանքների ավարտից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Ծրագրի նպատակն է 556 կմ երկարությամբ Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսին: Ինչպես որ նախատեսված էր, մայրուղու շինարարությունն իրականացվում է փուլային տարբերակներով՝ ըստ նախապես բաժանված տրանշների:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տրանշ ունի իր սահմանված ժամանակահատվածը: Նախագծով սահմանված է, որ ընդհանուր 31 կմ երկարությամբ Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածներում բետոնե ծածկն արդեն կառուցվել է, այն կշահագործվի մինչեւ այս տարվա վերջ:

Աշտարակ-Թալին ճանապարհը, որի հողային եւ ենթակառուցվածքների աշխատանքներն են այս պահին կատարվում, շահագործման է հանձնվելու 2017թ. վերջին:

Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհների կառուցման համար հայտարարվել է միջազգային մրցույթ, որի արդյունքները պարզ կլինեն այս տարեվերջին, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն գարնանը: Ընդհանուր աշխատանքների ավարտը Թալին-Լանջիկ հատվածում նախատեսվում է մինչեւ 2017թ. վերջը, իսկ Լանջիկ-Գյումրի հատվածում՝ 2019թ. սկիզբ:

Ընդհանուր 304կմ երկարությամբ Արտաշատ-Քաջարան հատվածում կատարվում են տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն եւ նախնական նախագծում:

Քաջարան-Ագարակ հատվածում նախնական նախագծումն ավարտված է, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ., ավարտը՝ 2019թ. սկիզբ:

Գյումրի շրջանցիկ-Գյումրի-Բավրա հատվածում իրականացվում են նախագծման աշխատանքները:

Ըստ նախարարության՝ շինարարությունը կավարտվի 2020թ.-ին, իրականացվում է բնականոն հունով, առանց ձգձգումների: