ԱՄՆ-ն եւ Չինաստանը պայմանավորվել են ընդհանուր մոտեցումներ փնտրել կիբերհանցագործության շուրջ եւ հրաժարվել կոմերցիոն գաղտնիքներ գողանալու փորձերից: «Prime»-ի փոխանցմամբ, բանակցություններից հետո Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բարաք Օբաման, միաժամանակ, նշել է, որ ԱՄՆ-ն չի բացառում չինացի հաքերների դեմ պատժամիջոցների սահմանումը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Օբաման նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանն առաջին անգամ պայմանավորվել են համագործակցել միջազգային զարգացման հարցերում: «Մենք առաջին անգամ պաշտոնական գործընկերներ կդառնանք՝ զարգացման նպատակներով»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պարզաբանելով, որ խոսքը տարբեր ուղղությունների մասին է. տնտեսական, սոցիալական, մարդասիրական եւ այլն:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ էլ, Սի Ցզինպինն ասել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են տնտեսական հարցերով «ուղիղ գիծ» ստեղծել:

«Մենք պայմանավորվել ենք Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական հարցերով հեռախոսային բանակցությունների մեխանիզմ ստեղծելու մասին, որը կղեկավարեն փոխվարչապետ Վան Յանն ու ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն: Նրանք կհամակարգեն կարեւորագույն տնտեսական հարցերը»,- ասել է Չինաստանի ղեկավարը: