Գիտնականները բացատրել են ազգային գինիների ինքնատիպ հատկությունները՝ դրանց բույրն ու համը։ Հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Scientific Reports ամսագրում։

Ըստ Lenta-ի, պարզվում է, որ ազգային գինիների ինքնատիպության հարցում առանցքային դեր ունեն ոչ թե խաղողի տեսակը,  կլիման կամ եղանակը, այլ խմորիչները (Saccharomyces cerevisiae), որոնց գենետիկ յուրահատկությունը տարբեր է աշխարհագրական տարբեր գոտիների խաղողի այգիների համար։

Երբ գինեգործ-փորձագետները խոսում են այն հողի յուրահատկությունների մասին, որտեղ աճում է այս կամ այն խաղողի տեսակը, ամենայն հավանականությամբ, հարկ է նկատի ունենալ այդ տարածաշրջաններին բնորոշ միաբջիջ սնկերը։

Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել՝ համեմատելով Նոր Զելանդիայի վեց հիմնական գինեգործական շրջանների Saccharomyces cerevisiae-ի պոպուլյացիան եւ այնտեղ աճեցվող Սավինյոն Բլան տեսակի խաղողը։

Մասնագետները հանգել են եզրակացության, որ գինիների յուրահատկությունը որոշող քիմիական միացությունների գրեթե կեսը խմորիչի մասնակցությամբ այդպիսի ֆերմենտացիայի արդյունք է։

Հետագայում հետազոտողները պատրաստվում են ուսումնասիրել գինիների յուրահատկության վրա այլ սնկերի, ինչպես նաեւ մանրէների ազդեցությունը։