«Չեք անցկացնի» նախաձեռնության 4 անդամներ, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, բերման են ենթարկվել հասարակական վայրերի օգտագործման կարգը խախտելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ըստ այդմ, նախաձեռնության անդամներ Արթուր Միասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը եւ Հայկ Ավետիքյանը, որոնք փորձել են քաղաքացիներին իրազեկել Ազատության հրապարակում  հոկտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ հանրային նշանակության շենքերի պատերին՝ «Ոչ» գրությունը թողնելու միջոցով, վարչական իրավախախտում են թույլ տվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի համաձայն ոստիկանության Կենտրոնական բաժնում վարչական վարույթ է հարուցվել, կազմվել է արձանագրություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Չեք անցկացնի» նախաձեռնության 4 անդամներ՝ Արթուր Միասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը եւ Հայկ Ավետիքյանը երեկ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, երբ փորձել են քաղաքացիներին իրազեկել Ազատության հրապարակում  հոկտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ հանրային նշանակության շենքերի պատերին՝ «Ոչ» գրությունը թողնելու միջոցով:

Ըստ նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի՝ ոստիկանները խոչընդոտել են իրենց իրազեկման ակցիան, հետապնդել են երիտասարդներին եւ մի խմբին Մաշտոցի պողոտայից, մյուսին՝ Տիգրան-Մեծ-Խանջյան խաչմերուկից բերման են ենթարկել, մոտ երկու ժամ պահել են բաժնում,վարչական վարույթ հարուցել, ապա բաց թողել:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ իրազեկման ակցիան օրենքի սահմաններում է եղել, քանի որ երիտասարդները «Ոչ» գրություններ արել են ոչ թե պատմամշակութային, այլ հանրային նշանակություն ունեցող շինությունների վրա:

«Չեք անցկացնի» նախաձեռնությունը կշարունակի իրազեկման ակցիաները: Վաղը նախատեսվում է իրազեկման երթ, որի ժամանակ թռուցիկներ կբաժանեն քաղաքացիներին: