«Չեք անցկացնի» նախաձեռնությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում սահմանադրական բարեփոխումների դեմ «Ոչ»-ի ճակատի համապետական հանրահավաքից հետո երթ անցկացնելու արտոնում ստանալու նպատակով: Քաղաքապետարանը արտոնել է  Ազատության հրապարակում հավաք, այնուհետեւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթը: Սակայն նախաձեռնության անդամներին չի գոհացնում քաղաքապետարանի գրության այն հատվածը, որում նշված է, որ երթի մասնակիցները չպետք է խախտեն երթեւեկության բնականոն ընթացքը, ինչն, ըստ նրանց, խախտում է իրենց սահմանադրական իրավունքը: 

«Փաստորեն ուզում են ասել, որ մենք երթը մայթերով պետք է անցկացնենք, բայց դա անընդունելի է, չի բխում Հայաստանի սահմանադրությունից եւ օրենքներից: Մենք օգտվելու ենք սահմանադրությամբ մեզ տրված օրենքներից եւ երթը փողոցներով ենք անելու»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ բողոքարկելու քաղաքապետարանի որոշումը: Բողոքը մերժվել է:

«Մենք դիմել ենք վարչական դատարան, որովհետեւ մենք երթը անցկացնելու ենք փողոցներով, երթեկության բնականոն ընթացքը կարող է խանգարվել: Ասել են՝ դուք ճիշտ եք, բայց մերժել են հայցը»,-ասաց նա:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում կանցկացվի սահմանադրական բարեփոխումների դեմ «Ոչ»-ի ճակատի համապետական հանրահավաքը: Հավաքի իրազեկման շրջանակում՝ «Չեք անցկացնի»  նախաձեռնության 5 ակտիվիստ է բերման ենթարկվել հանրային նշանակության վայրերի օգտագործման կարգը խախտելու համար՝ հանրային նշանակության շենքերի վրա «Ոչ» գրությամբ գրաֆիտիներ են արել: Նրանց նկատմամբ վարչակասն վարույթ է հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրիք 172.2 հոդվածի համաձայն: