Երեւանի Մաշտոցի պուրակից այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկված «Չեք անցկացնի» շարժման մասնակից Վարդան Հարությունյանն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ Վարդան Հարությունյանին մոտ 2 ժամ պահել են բաժնում, որտեղ վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել:
Նշենք, որ ըստ նախաձեռնության մամուլի ծառայության, Վարդան Հարությունյանը Մաշտոցի պուրակի տարածքում փորձել է իրացնել իր հայացքներն ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքը՝ «Ոչ» գրությամբ գրաֆիտի պատկերելով հանրային սեփականություն հանդիսացող վայրում, ինչը խոչընդոտվել է իրավապահների կողմից:
Հիշեցնենք, որ Չեք անցկացնի շարժման ևս չորս անդամ՝ Հրայր Մանուկյանը, Արթուր Մինասյանը, Կարպիս Փաշոկյանն ու Հայկ Ավետիքյանը սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ գրաֆիտի պատկերելու հիմքով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ ակտիվիստները բերման են ենթարկվել հանրային նշանակության վայրերի օգտագործման կարգը խախտելու համար: Նրանց նկատմամբ վարչակասն վարույթ է հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրիք 172.2 հոդվածի համաձայն:




























