Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի հավատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդարձակ միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու մասին կոչի անկեղծությանը: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ:
«Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, ուկրաինական ղեկավարը նշել է. «Վերջին մի քանի օրերին մենք լսում էինք Ռուսաստանի խաղաղարար հայարարությունները, որոնցում նա, մասնավորապես, կոչ էր անում հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել եւ հայտարարում ահաբեկիչների հետ խաղալու վտանգի մասին: Հրաշալի է ասված, բայց դժվար է դրան հավատալ: Ինչպե՞ս կարող եք հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչ անել, եթե խրախուսում եք ահաբեկչությունը հենց ձեր դռների առջեւ: Ինչպե՞ս կարող եք խոսել խաղաղության եւ լեգիտիմության մասին, եթե ձեր քաղաքականությունը կայանում է խամաճիկային կառավարությունների հաշվին պատերազմ սանձազերծելու մեջ: Ինչպե՞ս կարող եք խոսել ժողովուրդների ազատության մասին, եթե ընտրության համար պատժում եք ձեր հարեւանին: Ինչպե՞ս կարող եք բոլորի համար հարգանք պահանջել, եթե դուք ոչ ոքի չեք հարգում»:





























