Լուրջ չեն հայտարարություններն այն մասին, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը կարելի է հաղթել միայն այն դեպքում, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանա պաշտոնից: Այս մասին ՄԱԿ-ում կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Լավրովն ընդգծել է, որ միջազգային հանրությունը երբեմն իզուր է «հրեշացնում» առանձին առաջնորդների:
«Սադամ Հուսեյնին կախաղան հանեցին: Իրաքն ավելի լավը, անվտա՞նգ դարձավ: Քադաֆիին սպանեցին ամբոխի աչքի առջեւ: Լիբիան ավելի լա՞վը դարձավ: Հիմա մենք հրեշացնում ենք Ասադին: Գուցե փորձենք անցկալից դասե՞ր քաղել: Այո, Սիրիայում քաղաքական փոփոխություններ են անհրաժեշտ, եւ Ժնեւի կոմյունիկեն այն է, ինչին մենք հավատարիմ ենք, այդ դիրքորոշումը մենք չենք փոխում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:





























