Առաջիկա երկուշաբթի Ազգային ժողով ներկայացվելիք Սահմանադրության նախագծում սպասվում են փոփոխություններ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը։

«Այսօր կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ մենք օժանդակ խորհրդատվություն ենք տվել Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցչին։ Այս պահին բովանդակային առումով ոչինչ ասել չեմ կարող, սակայն նախագծում սպասվում են փոփոխություններ»,- ասաց Գագիկ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ նախագծի այս տարբերակն առաջիկա երկու օրավ ընթացքում կուղարկվի Հանրապետության նախագահին, եւ միայն վերջինիս հաստատումը ստանալուց հետո այն հոկտեմբերի հինգին կդրվի քվեարկության։

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին եւ համամասնական հարյուր տոկոսանոց ընտրակարգին։ Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության Ազգային ժողովում, իսկ արդեն դեկտեմբերի առաջին տասնօրյակին կլինի հանրաքվեն։