Հայերն Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են, որոնք գենետիկորեն մոտ են Եվրոպայի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի ժողովուրդներին: Այս մասին ասված է European Journal of Genetics պարբերականում հրապարակված հոդվածում: Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Խմբերի գենետիկ մեկուսացման ուսումնասիրությունը թույլ է տալիս նորովի հայացք նետել պատմությանը: Մերձավոր Արեւելքի դրուզների, հրեաների եւ քրիստոնյաների օրինակները ցույց են տալիս, որ տարածաշրջանի բնակչությունը 2 հազար տարի առաջ գենետիկորեն սերտ կապ է ունեցել Եվրոպայի հետ, քան հիմա:
Այս աշխատանքում ուսումնասիրության են ենթարկվել հայերը. ժողովուրդ, որը հիմա սահմանափակվում է Կովկասով, սակայն մինչեւ XX դարասկզբի իրադարձությունները զբաղեցրել է Արեւելյան Թուրքիան՝ մինչեւ Միջերկրական ծովը:
Նախկինում հայերի գենետիկան քիչ է ուսումնասիրվել: Գենետիկ մերձավորություն է հայտնաբերվել մի քանի այլ ժողովուրդների, այդ թվում՝ հրեաների, դրուզների եւ լիբանանյան քրիստոնյաների, ինչպես նաեւ կովկասյան ժողովուրդների հետ:
Այժմյան հետազոտությունում վերլուծության են ենթարկվել հայերի գենոմի տվյալները՝ դրանք համեմատելով 78 այլ խմբերի հայտնի նմուշների հետ: Հետազոտվել է հայերի ծագումը՝ ինչպես էթնիկ խումբ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի մշակութային եւ էթնիկ գունապնակի փոփոխության տեսանկյունից:
Գենետիկ նմուշները հավաքվել են Լիբանանի եւ Հայաստանի հայերից: Լիբանանի հայերը ծագումով Արեւելյան Թուրքիայից են:
Գիտնականների դիտարկմամբ, հայերը հեշտությամբ առանձնացող խումբ են, որոնք սահմանակից են եվրոպացիներին, Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին եւ կովկասցիներին: Եվրոպայում հայերը մոտ են իսպանացիներին, իտալացիներին եւ ռումինացիներին, Մերձավոր Արեւելքում՝ լիբանանցիներին, հրեաներին, դրուզներին եւ կիպրացիներին, Կովկասում՝ վրացիներին եւ աբխազներին: Գենետիկ քարտեզի վրա հայերի դիրքը Թուրքիայի դիրքի հայելային արտացոլումն է: Նախորդ հետազոտություններում թուրքերը սովորաբար դիտարկվում էին որպես Թուրքիայի հնագույն ժողովուրդների գենետիկ ներկայացուցիչներ: Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ թուրքերը գենետիկորեն մոտ են Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին, ինչը համապատասխանում է տարածաշրջանի էթնիկ շփումների պատմությանը:
Թեստերը ցույց են տալիս, որ հայկական գենոմը էթնիկ խառնուրդների հետքերն է կրում: Դրանք համընկնում են մ.թ.ա. 2492 թվականին Հայաստանի լեգենդար հիմնադրման հետ եւ անկում են ապրում մ.թ. 1200 թվականից հետո՝ Արեւելյան Միջերկրածովյան շրջանում բրոնզե դարի քաղաքակրթության կտրուկ անկման ժամանակների հետ: Ամենայն հավանականությամբ, դա մեկուսացրել է հայերին շրջակայքի ժողովուրդներից, ինչին հետեւել է մշակութային, լեզվական եւ կրոնաան տարբերությունը, որը պահպանվում է մինչ օրս:
Մերձավոր Արեւելքի մեկուսացած այլ խմբերի հետ հայերի մերձավորությունը հիմք է տալիս ենթադրել, որ վերջին միախառնումը նկատելիորեն փոխել է Մերձավոր Արեւելքի գենետիկ լանդշաֆտը, որը հնագույն ժամանակներում ավելի մեծ գենետիկ ընդհանրություն է ունեցել նեոլիթի շրջանի Եվրոպայի հետ, քան հիմա:
Հայերի ուսումնասիրությունը կարեւոր է ոչ միայն անցյալի ժողովրդագրական գործընթացների մասին տեղեկատվություն ստանալու տեսանկյունից: Մեկուսացած ժողովուրդներն արժեքավոր աղբյուր են գենետիկ հետազոտությունների համար: Հայերի երկարատեւ մեկուսացումը կարող էր գեներում հազվագյուտ հիվանդությունների ի հայտ գալու պատճառ դառնալ, ինչը պետք է հետագա ուսումնասիրությունների առարկա դառնա»:



























