«Թուրքիան եւ Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վերացնելու վաղեմի ծրագիր ունեն»,- հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի ցամաքային զորքերի ներկայացուցիչ, Ռուսաստանի հայերի միության անդամ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Ռուսաստանի հայ համայնքը. ժամանակի մարտահրավերները» կոնֆերանսի ժամանակ։
Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի կողմից ազատագրված շրջաններն Ադրբեջանի համար կորած են»: «Ագրեսորից հետ վերցված տարածքները մնում են հաղթողներին։ Քանի որ հենց այդ 7 շրջանները ԼՂՀ դեմ ագրեսիայի պլացդարմ հանդիսացան, դրանք Ադրբեջանին վերադարձնելը կրկին պլացդարմի վտանգ կստեղծի։ Ադրբեջանին վստահել չի կարելի»,- հայտարարել է նա։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, գեներալ-լեյտենանտի խոսքով, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով արդեն 16 տարի է, ինչ արդյունք չեն տալիս։ «Պաշտոնական Բաքուն մեծ տերությունների նավթային շահերի եւ քաղաքականության միջոցով ջանում է ստանալ այն, ինչ նրան չհաջողվեց ստանալ 1990-ականներին։ Այդ դիրքորոշումն անընդունելի է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ հայկական Սփյուռքի համար։ ԼՂՀ անկախությունը փաստ է, եւ Ադրբեջանը պետք է հաշտվի դրա հետ»,-ընդգծել է Տեր-Գրիգորյանցը:
Ռուսաստանի հայ համայնքը. ժամանակի մարտահրավերները» կոնֆերանսը կայացել է օգոստոսի 28-29-ը՝ Սոչիի «Խաղաղ Դոն» հանգստյան տանը։



























