NEWS.am-ը ներկայացնում է նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երեւան ուղերթի «Քինգ Դելյուքս» ընկերությանը պատկանող ավտոբուսի խոշոր վթարի ժամանակագրությունը։
Վթարի հետեւանքով 9 մարդ էր զոհվել։
03.11.15
09:15 «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը, որն ընթանում էր Մոսկվա-Երեւան երթուղով, կողաշրջվել է գիշերը, ժամը 02.10-ին, ՌԴ Տուլայի մարզի Ուզլովայայի շրջանում, M4 մայրուղու 220-րդ կմ-ին։ Զոհվել է 7 մարդ, որոնցից 5-ը տեղում, մեկը՝ շտապօգնության մեքենայում, մյուսը՝ «Ուզլովայայի շրջանային հիվանդանոցի» վերակենդանացման բաժանմունքում։ Տասնյակ մարդիկ վրավորվել էին։
09:38 Հայտնի է դառնում վթարի տուժած 45 անձանց ցուցակը: Մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ էին։ Հայտնի չէր, թե ավտոբուսում քանի մարդ է եղել։ Զոհերի ինքնությունը պարզվում էր։ Ռուսաստանի ՆԳՆ-ում երկու հիմնական վարկած էին քննարկում. ավտոբուսի անսարքություն եւ վարորդի կողմից ղեկին քնելու հանգամանք:
09:56 ՌԴ ԱԻՆ-ը Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո թեժ գիծ էր բացել։ Վթարի հետեւանքները վերացնելու գործին մասնակցում էին ԱԻՆ 28աշխատակիցներ եւ 8 միավոր տեխնիկա։
10:19 ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից հաղորդում են 30 անձանց հոսպիտալացման մասին։ Տուժածներից մի քաիսը գտնվում են ծանր վիճակում։ Նախնական տվյալներով, ավտոբուսում երեխաներ չեն եղել։
10:39 Հայտնի են դառնում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի մանրամասները։ ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցեւի խոսքով՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, եւ ավտոբուսը 200 մետր մի արգելապատնեշից մյուսին է բախվել։ Ավտոբուսի վարորդը չի տուժել, սակայն ոկի մեջ է եւ չի կարողանում պատասխանել հետաքննությանհարցերին։
10:58 Ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «ՔԻՆԳ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ին:
11:07 Ավտոբուսի վթարի գործով ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզային վարչությունը քրեական գործ է հարուցում ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու հետեւանքով անզգուշաբար 2 կամ ավելի անձանց մահ պատճառելու» հատկանիշներով։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է 63 մարդ։
14:22 Պատրաստվում է ՌԴ Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի 3D մոդելավորումը:
14:36 Ճանապարհային ոստիկանությունը ավտոբուսի տեխզննում է անցկացնում։ Ստուգում են նաեւ տրանսպորտային ընկերության արտոնագիրը, ասել է Տուլայի մարզի պետավտոտեսչության վերահսկողության վարչության պետ Մաքսիմ Սեմիոխինը։ Եթե պարզվի, որ վթարի մեղավորը վարորդն է, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում։ Իսկ եթե վթարի պատճառը ավտոբուսի անսարքությունն է, օրենքի առաջ պատասխան է տալու տրանսպորտային ընկերությունը, որը անսարք ավտոբուսը երթուղի է հանել։
14:47 Հիվանդանոցում մահանում է եւս մեկ՝ թվով 8-րդ ուղեւորը։ Այս մասին հայտնում է շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանը։
15:15 Վթարի դեպքի առթիվ Հայաստանի կառավարությունում ստեղծվում է հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքները համակարգում է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
15:19 ՀՀ ցավակցական ուղերձ է հղում եւ մի շարք հանձնարարականներ տալիս պատկան մարմիններին։ ՀՀ կառավարությանն եւ դեսպանատանը հանձնարարվում է միջոցներ ձեռնարկել տուժածներին օգնելու համար։
16:00 ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ավտոբուսի վարորդ 44-ամյա Գառնիկ Հարությունյանը 2015թ. հունիսին Մոսկվայում վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Հայգեր» ավտոբուսը անսարք վիճակում վարելու համար։
16:15 ՀՀ ԱԻՆ-ը ներկայացնում է ուղեւորների թարմացված ցուցակները։
16:55 Հայտնի են դառնում 8 զոհերի անունները՝ Հակոբ Ալիխանյան, Հայկ Հովհաննիսյան, Հրաչ Բադալյան, Գագիկ Մանուկյան, Վարուժան Ստեփանյան, Սպարտակ Նալբանդյան, Գառնիկ Հակոբյան։
17:31 Ավտոբուսի ուղեւորներից 3-ը եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը։
17:39 «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը պնդում է, որ վթարված Մոսկվա-Երեւան ավտոբուսը սարքին վիճակում է եղել։ «Անսարքության հետ որեւէ խնդիր չի եղել, մեքենան սարքին է եղել, ամեն ինչ նորմալ է եղել, իմ տեղեկություններով։ Բայց իմ տեղեկությունները քիչ են, սպասենք փորձագիտական եզրակացությանը: Դա կլինի, ըստ դրա էլ բոլորը կիմանան՝ այդ թվում ես, թե ինչն է եղել ողբերգական պատահարի պատճառը»,- նշել էր նա։ Ըստ Արթուր Հարությունյանի, այդ ավտոբուսները Հայաստան է բերել 2014 թվականին:
17:45 Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մեկնում է Տուլա։ Իր ղեկավարած հանձնաժողովի կազմում ներկայացված են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյաներ:
18:44 Հայտնի է դառնում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 8-րդ ուղեւորի անունը: Նա 35-ամյա Արտաշես Հովհաննիսյանն է, հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից
19:41 Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալվում է։ Ի սկզբանե ոստիկանություն են հրավիրվել երկու վարորդները՝ Բագրատ Հովակիմյանը եւ Գառնիկ Հարությունյանը: Երբ պարզվել է, որ ղեկին եղել է Գառնիկ Հարությունյանը, Հովակիմյանին ազատ են արձակել, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:
23:08 Տուլայի մարզում հայ ուղեւորների փոխադրող ավտոբուսի վթարի վայրում ՌՀՄ-ի շտաբ է գործում։ Ռուսաստանի պետական մարմինների եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ ՌՀՄ-ն անհրաժեշտ ամեն ինչ անում է՝ տուժածներին եւ նրանց հարազատներին օգնություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, կապ է հաստատվել զոհվածների հարազատների հետ, օգնություն է ցուցաբերվում զոհերի մարմինները հայրենիք հասցնելու կազմակերպման հարցում:
04.11.15
11:21 Նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւի ղեկավարած պատվիրակությունն ուղեւորվում է հիվանդանոցներից մեկը։ Պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները։
11:41 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տուլայում այցելում է ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներին։ Դեռեւս հայտնի չէ, թե տուժածները երբ կարող են վերադառնալ Հայաստան։
13:39 ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի դեպքով Հայաստանում հարուցվում է քրգործ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 245րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցներն անորակ վերանորոգելը կամ դրանք տեխնիկական անսարքություններով շահագործման բաց թողնելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հարուցվել է քրեական գործ։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ից առգրավվել են վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը
13:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ, աղոթք է բարձրացվել ՌԴ Տուլայի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:
14:20 Վիրավորված 32 ուղեւորներից 9-ը դուրս են գրվում հիվանդանոցից։ Վթարից տուժած 17 մարդ եղել են ժամանակավոր տեղակայման կետում, որը բացվել է Ուզլովայա քաղաքի «Յունոստ» կինոթատրոնում։ Այս մասին հայտնում է Տուլայի մարզի կառավարության ղեկավարի տեղակալ Մարինա Լեւինան։
18:41 Տուլայի դատարան կալանքի տակ է վերցնում վարորդ Գառնիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

20:50 Երեւանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվում՝ ի հիշատակ զոհված ուղեւորների։

05.11.15
01:10 Վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին տրամադրվում է հանրային պաշտպան։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընդունել 2-ամյսա կալանքը։
10:46 ՌԴ ԱԻՆ-ը 2 ուղղաթիռ է ուղարկում Տուլա՝ Ուզլովայա քաղաքի մոտ վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի ուղեւորներին Մոսկվայի մարզի Ռամենսկոյե օդանավակայան տեղափոխելու համար։ 8 զոհերի մարմինները նույնպես նոյեմբերի 5-ին բեռնատար մեքենաներով կտեղափոխվեն Ռամենսկոյեի օդանավակայան, իսկ հետո ԱԻՆ հատուկ օդանավը կամ Հայաստանի ավիաուղիները նրանց Երեւան կհասցնեն։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Մոսկվայի շրջանի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Մաքսիմ Պրյախինը։
14:34 Հայտնի է դառնում ավտովթարից այն 12 տուժածների անունները, որոնք կմնան տեղի հիվանդանոցներում՝ Սարգսյան Սերյոժա Կամոյի, Նահապետյան Հակոբ Ստեփանի, Եսայան Հասմիկ Մարտինի, Սերիկոնյան Հռիփսիմե, Հովհաննեսյան Արթուր Աղվանի, Գրիգորյան Սարգիս Խաչիկի, Սարգսյան Գայանե Վելիկի, Սարգսյան Գայանե Վելիկի, Երեմյան Անուշավան Ռազմիկի, Գասպարյան Գոհար Ռաֆիկի, Եսայան Եսավ, Հակոբյան Տիգրան Գառնիկի։
16:55 Հայտնի է, որ ավտոբուսի վթարը տեղի է ունեցել վարորդի՝ ղեկին քնելու պատճառով։ Այս մասին ասում է ՌԴ ՆԳ փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։
18:57 Մերձմոսկովյան Ռամենսկի օդանավակայանից օդ է բարձրանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող` Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի ինքնաթիռը։Օդանավում սարսափելի վթարից տուժած 32 ուղեւորներն են, հայկական պատվիրակության անդամները, որի կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նաեւ զոհվածների 17 հարազատներ։ Ինքնաթիռը տեղափոխում է նաեւ վթարի 8 զոհերի մարմինները:
21:26 Զոհված ութ ուղեւորների հարազատները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված սպասում են իրենց հարազատների դիերը տեղափոխող` ՌԴ ԱԻՆ օդանավի ժամանմանը։

21:58 Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի օդանավը վայրէջք է կատարում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։

22:15 Ավտոբուսի վթարից զոհված ութ ուղեւորների մարմինները տեղափոխվում են ՀՀ դատաբժշկական կենտրոն:
22:56 Երեւան ժամանած տուժած 9 ուղեւորներին տեղափոխվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։

23:40 Վթարից հետո Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը խստացնելու է հսկողությունը ոչ կանոնավոր միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությաննների նկատմամբ, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
06.11.15
11:49 Վթարից տուժած 7 ուղեւորները դուրս են գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
12:46 8 զոհերի մարմինները հանձնեցին հարազատներին։

20:34 Երկու տուժածների պլանավորվում է Ուզլովայայի շրջանային հիվանդանոցից տեղափոխել Մոսկվա։ Դրանից հետո նրանց կուղարկեն Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ։ Եվս մեկ տուժած բուժումը կշարունակի Մոսկվայի Բուրդենոկյի անվան ռազմական կլինիկական հոսպիտռալում։ Եվս մեկ վիրավոր հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Սոլնեչնոգորսկի շրջանային հիվանդանոց։ Մյուս 8 ուղորների բուժումը շարունակվում է Տուլայի կլինիկական հիվանդանոցում։
07.11.15
00:26 Տուլայում վթարված ավտոբուսի երկրորդ վարորդ Բագրատ Հովակիմյանը գործով վկա է անցնում։ Հովակիմյանը հարցաքննվում է, ապա ազատ արձակվում։ Կալանավորված Գառնիկ Հարությունյանի հետ քննչական գործողություններ են կատարվում։
12:56 Ուզլովայայի շրջանային հիվանդանոցում մահանում է վթարից տուժած 68-ամյա Հռիփսիմե Սիրեկանյանը։ Մոսկվայից Տուլա է մեկնում ՌԴ-ում ՀՀ հյուպատոսը՝ մահացածի մարմինը Երեւան տեղափոխելը կազմակերպելու համար։
13:49 Ավտոբուսի վթարի 8 զոհերին հողին հանձնեցին:
10.11.15.
12:19 ՀՀ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգում է Տուլայի ավտովթարի զոհերի հիշատակը։
12:54 Տուլայի շրջանային հիվանդանոցից դուրս է գրվել 2 տուժած։ Եվս 5-ը շարունակում են բուժումը։ Նրանցից 3-ի վիճակը կայուն ծանր է։
12.11.15
12:44 Տուլայի մարզում ավտոբուսի վթարից զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին 1.5 մլն դրամ կհատկացվի։ Հայաստանի եւ Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին կտրամադրվի 700 հազարական դրամ, իսկ բոլոր մյուս ուղեւորներին՝ 500 հազարական դրամ։
20:15 Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով: Այս հոդվածով որպես պատիժ նախատեսվում է մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկումը։
20:54 Երեւանում գտնվող ուղեւորներից մեկը Մխ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է:





























