Այն մադիկ, ովքեր խոսում են Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին, մարտահրավեր են նետում միջազգային հանրությանը: Այս մասին սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ Հայաստանը պետք է ոչ թե ճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ պետք է անի այնպիսի քայլեր, որոնք կարող են նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին: «Մի՞թե մտքի տիտան է պետք է լինել՝ հասկանալու համար, որ եթե այսօր Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, դրանով կառաջացնի համաշխարհային ռեակցիա՝ ուղղված Ադրբեջանի ջանքերի օժանդակմանը: Մի՞թե մտքի տիտան պետք է լինել, հասկանալու, որ դա միջազգային հանրությունը կընկալի որպես Հայաստանի կողմից մարտահրավեր եւ, բնականաբար, կտա համապատասխան պատասխան»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը:

Նա նաեւ հավելեց, որ նման հայտարարություններ են անում այն մարդիկ, ովքեր «մտքի նույն խորությամբ» ասում են, թե պետք է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Սեւրի պայմանագրի շրջանակներում: «Նման հայտրարարություն են անում մարդիկ, ովքեր հավակնում են կրել պատասխանատվություն հայ ժողովրդի բախտի տնօրինման համար»,-ասաց նա: Զուրաբյանի խոսքով՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար ամենակարեւոր քայլերը Ղարաբաղի բնակեցումն ու շենացումն են: «Այ այդպես են կամաց-կամաց գալիս դե յուրե ճանաչմանը: Մենք ժամանակին դա էինք անում, բնակեցնում էինք Ղարաբաղը: Լաչինում բնակչությունը 15 հազարի հասավ, իսկ հիմա կրճատվել է եւ չգիտեմ էլ՝ 5000 կլինի, թե` ոչ»,-նկատեց Զուրաբյանը: