ԵԽԽՎ անդամները պետք է լրջորեն հաշվի առնեն Մինսկի խմբի համանախագահների նախազգուշացումը, որ բանակցությունների ձեւաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են վնասել բանակցային գործընթացը եւ խոչընդոտել հանգուցալուծմանն ուղղված առաջընթացը: Այս մասին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի կողմից բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հաստատմանը, որը քննարկվելու է նաեւ լիագումար նիստում:

Նրա խոսքով, նույն կարծիքը հայտնել է նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարարը Երեւան իր վերջին այցելության ընթացքում, ով ասել էց, որ համանախագահները կտրականապես դեմ են, որ «հետեւողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն փորձ արվի տեղափոխելու այդ խնդիրը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում»:

«Ես բազմաթիվ առիթներով խոսել եմ այս մասին։ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ չպետք է որեւէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, եւ, որը, հատկապես, կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում:

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ։ Սակայն միակ ձեւաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն է:

Զեկուցողի անձը եւս խնդրահարույց է անաչառության տեսանկյունից։ Նա տարիներ շարունակ բրիտանական խորհրդարանում այսպես կոչված Ադրբեջանի բարեկամների խմբի կարկառուն անդամներից է եղել, իսկ այդ խումբը, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, լայնորեն օգտվել է Բաքվի ֆինանսավորումից։ Եվ միգուցե հենց այս կարգի հանգամանքով է պայմանավորված, որ Ուոլթերը ԵԽԽՎ անդամի իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ աճապարել է ներկայացնել այդ շինծու զեկույցը: Թե որն էր նրա շահագրգռվածության դրդապատճառը՝ թողնենք ձեր դատին,-ասել է Նալբանդյանը:

Դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում եւս մեկ զեկույց է պատրաստվում, որը վերաբերվում է Սարսանգի ջրամբարին, եւ զեկույցի վերնագրից («Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից») իսկ կարելի է ենթադրել, որ հակահայկական ուղղվածություն է ունենալու, ԱԳ նախարարն արձագանքել է. «Դեռ 2013թ.-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բանաձեւի նախագիծ էր ներկայացրել, որտեղ բողոքում էր, թե Ադրբեջանը զրկվում է Սարսանգի ջրերն օգտագործելու հնարավորությունից: ԵԽԽՎ նախագահն այն ժամանակ մերժեց ընթացք տալ այդ բանաձեւին։ Հետագայում ինչ-ինչ պատճառներով ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց զեկուցող նշանակել եւ ուսումնասիրել խնդիրը:

Իհարկե, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի կարող անաչառ եւ անկողմնակալ համարվել, եթե զեկուցողն այնտեղ այց չի իրականացրել` տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Հարց է առաջանում՝ ինչպես է զեկուցողը կարծիք կազմելու մի ջրամբարի մասին, որը չի էլ տեսել: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ: ԵԽԽՎ զեկուցողը կարող էր նաեւ հնարավորություն ունենալ Արցախ իր այցելության ընթացքում այդ առաջարկի իրականացման տեխնիկական կողմերը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Այս առումով հատկանշական է, որ զեկուցողն արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միայն ընդամենը երեք-չորս օր առաջ են ԵԽԽՎ քարտուղարությունից նամակ ստացել` զեկուցողին ընդունելու առաջարկությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը դեռեւս օգոստոսի 3-ին ԵԽԽՎ քարտուղարությանն ուղղված իր նամակում պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ընդունել ԵԽԽՎ զեկուցողին»:

Նալբանդյանի խոսքով, զեկույցը նախատեսվում է ներկայացնել ԵԽԽՎ Սոցիալական հարցերի հանձնաժողովում, այսինքն՝ ի սկզբանե նախատեսված էր, որ այս զեկույցը չի կրելու քաղաքական բնույթ, այլ ունենալու է տեխնիկական ուղղվածություն:

«Հայկական կողմը բազմիցս կոչ է արել զեկուցողին, որը Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր է, մնալ այս տրամաբանության շրջանակներում եւ չքաղաքականացնել հարցը: Այնուամենայնիվ, մինչ այժմ զեկուցողի կողմից հապճեպ պատրաստած նախագծերում տեղ են գտել աղավաղումներ, որոնք հակասում են Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձեւակերպումներին: Այս զեկույցից Ուոլթերի զեկույցի հոտն է գալիս։

Քանի որ Ադրբեջանի լոբբիստական ջանքերը այլ եվրոպական կառույցներում ձախողվում են, Բաքուն այստեղ իր նախաձեռնություններով փորձում է փրփուրներից կառչել»,-իր խոսքն ամփոփել է Նալբանդյանը: