Հայաստանը կարող էր ավելի խելացի գործել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հայտնի զեկույցի դեմ: Այդ մասին նոյեմբերի 20-ին Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում ասել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: 

Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը, որի անդամ է ինքը, չպիտի փորձեր հասնել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցի չեղյալ համարմանը: Դա հայկական պատվիրակության դեմ տրամադրեց եվրոպացի գործընկերներին: Ավելի իրատեսական տարբերակ կար. փոփոխել հակահայկական անվանումը («Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»), ինչպես նաեւ զեկուցողին փոխարինել ֆրանսիացի պատգամավոր Ժան-Կլոդ Մինյոնով: «Եթե սկսեինք ավելի վաղ աշխատել այդ ուղղությամբ, ինչպես որ առաջարկում էինք, ավելի մեծ հաջողության կհասնեինք: Արդյունքում, երբ Մինյոնի թեկնածությունն ամեն դեպքում քվեարկության դրեցին, նա մի քանի ձայնի տարբերությամբ պարտվեց Ուոլթերին», - նշել է Զուրաբյանը:

Նշենք, որ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անունով զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում, եւ այն քննարկվելու է նաեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: