Ֆիլիպինների նախկին առաջին տիկին Իմելդա Մարկոսի զարդերի մեջ հազվագյուտ` 25 կարատանոց վարդագույն ադամանդ է հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով Christie's աճուրդի տանը:
Ֆիլիպինների կառավարությունը Christie's-ին եւ Sotheby's-ին է դիմել գրեթե 30 տարի առաջ` Ֆերդինանդ Մարկոսի վարչակարգի տապալումից հետո առգրավված հավաքածուն գնահատելու խնդրանքով: Գնահատումից հետո երկրի ներկայիս իշխանությունները կարող են զարդերը վաճառքի հանել:
Christie's-ից Դեվիդ Ուորենը ադամանդը «ծայրաստիճան հուզիչ գտածո» է անվանել: «Վարդագույն ադամանդները շատ հազվագյուտ են», – նշել է նա: Ուորենի խոսքով, քարի արժեքը կարող է հասնել 5 մլն դոլարի: Sotheby's-ը հինգշաբթի օրը կգնահատի հավաքածուն, գրում է Gazeta-ն:
Ֆիլիպինների կառավարությունը 2005-ին արդեն փորձել էր վաճառել Մարկոսի զարդերը, սակայն երկրի նախկին առաջնորդի այրին վիճարկել էր նոր իշխանությունների գործողությունները:




























