Ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացումներն անմիջապես չեն անդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Այդ մասին դեկտեմբերի 2-ին «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրման ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ընթացքում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, դա կարող է տեղի ունենալ մի դեպքում` եթե ռուս-թուրքական բախման ֆոնին Ալիեւ-կրտսերը որոշի փորձել իր ժողովրդի բախտը: «Այժմ պայքարն ընթանում է Սիրիայի համար: Եվ կողմերից ոչ մեկը չի ցանկանա էլ ավելի սրել իրավիճակը», - ընդգծել է Զաքարյանը: Թուրքիան, շարունակել է պատգամավորը, տարածաշրջանային իրադարձություններում միշտ երկդիմի խաղ է խաղացել: «Ռուս-թուրքական հարաբերությունների աստիճանական վատթարացման միտումը կշարունակվի, բայց անմիջական բախման չի վերածվի: Փոխադարձ քայլեր կձեռնարկվեն, որոնք կարող են դիտարկվել որպես նոր մարտահրավեր Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Դա ազդանշան կլինի Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության ավելի երկարաժամկետ պլանավորման համար», - նշել է Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական ՌՕՈՒ-ն ռուսական Սու- 24 ռմբակոծիչ էր ոչնչացրել, ինչը հանգեցրել է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սրման:





























