Նույնականացման քարտով քվեարկելն իր մեջ կեղծիքների ռիսկեր չի պարունակում, քանի որ ընտրական գործընթացը վերահսկելու ավելի արմատական գործիքներ Ընտրական օրենսգրքով ամրագրված են եւ անձնագրերում կնիքներ դնելն ընդամենը լրացուցիչ գործիք է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Պարոն Մուկուչյան, արդեն ահազանգեր են ստացվում ընտրական հանձնաժողովների անդամներին կաշառելու դեպքերի մասին։ Անգամ կա հարուցված քրեական գործ։ ԿԸՀ-ն նման խնդիրների հետ կապված բողոքներ ստանո՞ւմ է եւ ինչ միջոցներ է ձեռնարկում այդ երեւույթները կանխելու կամ բացառելու ուղղությամբ։
Այդ դեպքի մասին ես եւս տեղեկացված եմ, որ եղել է դիմում գլխավոր դատախազություն, որի առթիվ օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկվել են, իսկ ինչ վերաբերում է բողոքներին, ապա նշեմ, որ ոչ ԿԸՀ, ոչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ նման բողոքներ չեն եղել։
Բողոքներ չեն եղել, որովհետեւ նման դեպքեր չե՞ն գրանցվել, թե պարզապես մարդիկ տեղեկացված չեն, որ կարող են դիմում բողոքներ ներկայացնել։
Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքացիները, որոնք ընդգրկված են տեղամասային ընտրական հանձնաժողովներում, բավական լավ իրազեկված են իրենց իրավունքների մասին, առավել եւս որ փաստորեն հանձնաժողովների ձեւավորումից հետո մինչ օրս տեղամասային հանձնաժողովների անդամների համար կազմակերպվել են դասընթացներ, մասնակցությունը եղել է բավականին բարձր եւ այդ նյութերում առանձին հատված նվիրված է եղել դիմում-բողոքներին։ Ես կարծում եմ, որ եթե լինեին նման երեւույթներ, հանձնաժողովի անդամները, բնականաբար, կներկայացնեին դիմումներ։
«Ոչ»-ի ճակատի կողմնակիցները տեսանյութեր են պատրաստել եւ տարածել համացանցում, թե ինչպես պետք է վերահսկել հանրաքվեի ընթացքն ու կանխել կեղծիքները։ Ձեր կարծիքով այս ակտիվությունը կօգնի՞ ավելի թափանցիկ դարձնելու ընտրական գործընթացը։
Ընտրական գործընթացի հետ կապված պետք է նկատել, որ հասարակական վերահսկողության առավել արմատական մեխանիզմներ ամրագրված են ընտրական օրենսգրքում։ Այդ կարգավորումները, օրենսգրքում ընդգրկված դրույթները լիարժեք հնարավորություն են տալիս ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին իրականացնել լիարժեք վերահսկողություն։ Ինչ վերաբերում է տարբեր տեսակի տեղեկատվական հոլովակների ու տեսանյութերի պատրաստմանը, բնական է, որ դրանք եւս միտված են քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը, գործընթացի մասնակիցներին մեկ անգամ եւս իրենց իրավունքների մասին իրազեկելուն։ Իհարկե, միշտ էլ այն բոլոր իրազեկումները, որ իրականացվում են ԿԸՀ-ի կողմից, եւ այն իրազեկումները, որ իրականացվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կամ քաղաքական ուժերի կողմից, առաջին հերթին միտված են ընտրական գործընթացի այն մասնակիցներին, որոնք ունեն համապատասխան վերահսկողական լիազորություններ, նրանց կողմից իրենց գործունեության առավել արդյունավետություն ապահովելուն։
Այս անգամ միջազգային դիտորդների թիվը, կարծես, ավելի քիչ է, քան նախորդ համապետական ընտրությունների ժամանակ։ Որքա՞ն միջազգային ու տեղական դիտորդներ են հետեւելու հանրաքվեի ընթացքին եւ ինչո՞ւ այս անգամ միջազգային դիտորդների թիվը փոքր է։
Մենք ԿԸՀ կայքում հրապարակել են դիտորդական կազմակերպությունների թիվը։ Խնդիրն այն է, որ նշված կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց հետ եղել են հանդիպումներ ԿԸՀ-ում, պարզաբանվել է, որ նշված կազմակերպությունների կողմից հանրաքվեների եւ ընտրական գործընթացների դիտարկումը նկատվում է որպես իրենց հիմնական գործունեությունից տարբերվող գործունեություն եւ նրանց հիմնական շեշտադրումներն արվում են ընտրական գործընթացների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելիս։ Այլ կերպ ասած առավել թվով դիտորդներ ներգրավվում են ընտրական գործընթացների ժամանակ, իսկ հանրաքվեների ժամանակ նման չափով մասնակցությունը ձեւավորված պրակտիկա է, եւ ինչպես իրենք են նաեւ ներկայացնում, այդտեղ որեւէ առանձնահատուկ մոտեցում չի դրսեւորվել։
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին ինչպե՞ս եք ընտրում. ով դիմում է գրանցո՞ւմ եք, թե՞ ինչ-որ սահմանափակումներ կան, որոշակի չափանիշներից ելնելով։
Տեղական հասարակական կազմակերպությունները իրավունք ունեն իրականացնելու դիտորդական առաքելություն։ Դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեին նաեւ հանրաքվեի ժամանակ կուսակցությունները, որոնք խորհրդարանում չունեին խմբակցություններ։ Վերջիններս ներկայացնում էին դիմումներ, ՀԿ-ների պարագայում, համաձայն օրենքի ստուգվում է միայն մեկ հանգամանք, թե արդյոք նրանց կանոնադրական նպատակներում ամրագրվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը եւ ժողովրդավարությունը, թե ոչ։ Այսինքն ընդամենը ներկայացվում է դիմում, կանոնադրություն, եւ եթե նշված խնդիրները նշված են կանոնադրության մեջ, տեղի է ունենում հավատարմագրում։
Վերջերս մամուլում քննարկվում էր նաեւ հարցը, որ նախագահական աղբյուրներից սնվող հասարակական կազմակերպությունները որքանո՞վ կարող են անաչառ դիտորդական առաքելություն իրականացնել։ Ֆինանսավորման աղբյուրը կարեւորվո՞ւմ է։
Ամբողջ խնդիրն այն է, որ դիտորդական առաքելությունների ֆինանսավորման աղբյուրների հետ կապված որեւէ ամրագրում օրենքով առկա չէ, որ ասենք որեւէ կազմակերպության ֆինանսական աղբյուրները պետք է ստուգվեն ու դրա հիման վրա արգելվի հավատարմագրումը։ Սահմանափակումը վերաբերում է բացառապես իրենց կանոնադրությունում առկա կանոնադրական նպատակներին։ Ինչ վերաբերում է ՀԿ-բերի ֆինանսավորման աղբյուրներին, ես հակված չեմ կարծելու, որ նշվածով պայմանավորված կարելի է բացարձակ դատողություններ անել կապված մի շարք կազմակերպությունների անաչառության հետ։
Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ընտրողների թիվը 2,5 մլն-ից ավելի է եւ այս թիվը ընդդիմությունը կասկածի տակ է առնում՝ հայտարարելով, որ այդքան ընտրող Հայաստանում չկա։ ԿԸՀ-ն թեկուզ մոտավոր տվյալներ ունի՞, թե ընտրողների քանի տոկոսն է բնակվում Հայաստանում եւ քանի տոկոսն է երկար ժամանակով հեռացել երկրից, թեեւ ընդգրկված է ընտրացուցակներում։
ԿԸՀ-ն նման տվյալներ չունի ու եթե անգամ ունենա, մենք այդ մասին բազմիցս պարզաբանումներ տվել ենք, որ ընտրողների ցուցակում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտրական իրավունք եւ հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում։ Եթե քաղաքացին տարբեր հանգամանքների բերումով բացակայում է Հայաստանից, սակայն դուրս չի եկել հաշվառումից, նրա վերաբերյալ տվյալներն մտցվում են ընտրողների ցուցակ։
Օրենքի փոփոխությամբ թույլ տրվեց, որ մարդիկ իրավունք ունենան քվեարկել նույնականացման քարտերով։ Արդյոք դա իր մեջ ընտրակեղծիքներ թույլ տալու ռիսկեր չի՞ պարունակում, հաշվի առնելով, որ քվեարկությանը մասնակցելիս անձնագրերում կնիքներ դնելու նպատակը կեղծիքները կանխելն էր, իսկ նույնականացման քարտերի վրա կնիք դնել հնարավոր չէ, բացի այդ դրանց վրա նշված չէ հասցեն։
Ես կարծում եմ՝ ոչ, որովհետեւ պետք է նախ նկատել, որ ընտրական օրենսգիրքն ամրագրում է բազմաթիվ մեխանիզմներ եւ փաստաթղթերի դրոշմակնքումն ընդամենը լրացուցիչ գործիք է։ Ավելի արմատական գործիքներ Ընտրական օրենսգրքով ամրագրված են։ Նախ պետք է նկատել, որ ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի, եւ հետեւաբար այդ ձեւաչափով էլ ձեւավորվում են տեղամասերը, թե որ ընտրողը որտեղ պետք է գնա քվեարկելու։ Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ ընտրողների ցուցակները մեզ մոտ ունեն աննախադեպ հրապարակայնություն, դրանք մշտապես հրապարակված են որոնման հնարավորությամբ ԿԸՀ կայքում, քվեարկությունից 40 օր առաջ դրանք հրապարակվում փակցվում են տեղամասային կենտրոններում, դրանք ներբեռնման հնարավորությամբ հրապարակվում են ոստիկանության կայքում, որտեղից յուրաքանչյուրը կարող է ներբեռնել ընտրողների ցուցակները եւ տարբեր տեսակի վերլուծություններ իրականացնել այդ ցուցակների հետ կապված։ Նշված աշխատանքների արդյունքում կարելի է միանշանակ համոզվել, որ յուրաքանչյուր ընտրող ընդգրկված է բացառապես մեկ ընտրողների ցուցակում, իսկ ընտրողների նույնականացման հատկանիշներն են անուն ազգանուն հայրանունը, ծննդյան օրը, ամիսը տարեթիվը։ Նշված տեղեկություններն առկա են նաեւ նույնականացման քարտի վրա։ Երբ ընտրողը գալիս է ընտրատեղամաս, առաջինը մոտենում է ընտրությունների հաշվառումն իրականացնող հանձնաժողովի անդամին, ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը, ստուգվում են անձնական տվյալները։ Դրանից հետո նրա տվյալները լրացնում են ընտրողների ցուցակում, եթե նույնականացման քարտով է, այդ մասին նշում է արվում, որից հետո միայն ընտրողին քվեաթերթիկ է տրվում։ Եթե ընտրողը նույն փաստաթղթով նորից գնա քվեարկելու, միանշանակ կբացահայտվի, որ նա արդեն եղել է այդ տեղամասում։ Եթե նա գնա մեկ այլ տեղամաս, այնտեղ էլ հենց առաջին գործողության ժամանակ կբացահայտվի, որ նա այդ տեղամասի քվեարկող չէ, որովհետեւ նրա անունը չի լինի ընտրողների ցուցակում։




























