Փարիզի ահաբեկչությունների հետեւանքով Եվրամիության սահմանային անվտանգության հարցը նորից էր բարձրացվել, եւ Շենգեն գոտին այլեւս չի կարող դիտարկվել որպես սրբազան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունթեր Վալցենբախը:

Նա հիշեցրեց, որ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքով՝ Շենգենյան համաձայնագիրը փրկելու վերջին փորձերը ժամանակի դեմ մրցավազք են: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բազմիցս կրկել է սահմանային հսկողությունը բարելավելու եւ ԵՄ անդամ երկրների միջեւ փախստականների հարցում համերաշխության անհրաժեշտությունը:

«Երկու հայտարարություններն էլ ենթադրում են, որ Բրյուսելը բարդ պայքարի առաջ է կանգնել՝ փորձելով համոզիչ պատասխաններ գտնել աճող մարտահրավերների համար: ԵՄ այնպիսի երկրներ, ինչպիսք են Գերմանիան, Հունգարիան, Սլովենիան եւ Շվեդիան, ի պատասխան փախստականների ճգնաժամին, վերականգնել են սահմանային վերահսկողությունը եւ բացառել են ԵՄ տարածքում առանց անձնագրի տեղաշարժի հնարավորությունը»,- նշել է Վալցենբախը:

Նրա խոսքով՝ այստեղ 2 տարբեր հարց կա՝ փախստականների ճգնաժամը եւ  միջազգային ահաբեկչությունը, որոնք չի կարելի իրար խառնել: «Մեծ թվով փախստականներ ժամանել են ԵՄ երկրներ՝ անհնարին դարձելով Շենգենյան օրենքների եւ դրանց հետ կապված Դուբլինի գործընթացի պահպանումը: Միջազգային ահաբեկչությունը եւ դրա տրանսազգային ցանցը օգվել են Շենգեն գոտու անարգել տեղաշարժի հնարավորությունից: Դրա հետեւանքով Շենգեն գոտու գոյությունը նույնպես կախված է քաղաքականության 2 տարբեր միջոցների արդյունավետության առկայությունից»,- ընդգծել է վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է փախստականների հարցին, այն պետք է դիտարկել արտահերթ կարգով: «Հնարավոր է կիրառվի համաեվրոպական քվոտաների համակարգ, իրականացվի ապաստան փնտրող անձանց տեղաբաշխում կամ ընդլայնվի անվտանգ երկրների միասնակ ցուցակները»,- կարծիք է հայտնել փորձագետը:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ըստ Վալցենբախի, ընդհակառակը, նախատեսում է վերահսկողության համաեվրոպական ներքին մեխանիզմների ամրապնդման հետ միաժամանակ ԵՄ ընդհանուր սահմանների արդյունավետ վերահսկողություն, գաղտնի տեղեկությունների  փոխանակում եւ վերջապես ԵՄ անդամ երկրների ոստիկանական եւ հետախուզական ծառայությունների սերտ համագործակցություն: